ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս անց են կացվում
նախապատրաստական աշխատանքներ ՀՀ Սահմանադրության բարեփոխումներով
նախատեսված նախաքննության անցկացման գործառույթը դատախազությունից
ոստիկանությանը փոխանցելու ուղղությամբ: ՀՀ Ոստիկանության Քննչական
գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ
Համբարձումյանը հունիսի 15-ի լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ
այդ անցումը նախատեսվում է անցկացնել երեք փուլով. մոտ օրերս
կսկսվի առաջին փուլը:
Նշվեց, որ ներկայումս ոստիկանության քննչական վարչությունում
աշխատում են 250 քննիչներ, նախատեսվում է համակարգը համալրել եւս
228 քննիչներով` ի հաշիվ դատախազության քննիչների, ինչպես նաեւ
Երեւանի պետհամալսարանի եւ Ոստիկանության ակադեմիայի
շրջանավարտների:
Գ.Համբարձումյանը հայտնեց, որ շարունակվում են քրեական
դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների մշակման
աշխատանքները:
Ի պատասխան լրագրողների հարցերի, Գ.Համբարձումյանը հայտնեց,
որ տարեսկզբից տույժերի են ենթարկվել ոստիկանության 6 քննիչներ,
որոնցից 2-ը ազատվել են աշխատանքից, իսկ մեկի նկատմամբ քրեական
գործ է հարուցվել: