«ԴԻԼԻՋԱՆ» ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԲԱՑՈՒՄԸ<br /> ԿԿԱՏԱՐՎԻ ՕԳՈՍՏՈՍԻՆ<br />


«ԴԻԼԻՋԱՆ» ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԲԱՑՈՒՄԸ
ԿԿԱՏԱՐՎԻ ՕԳՈՍՏՈՍԻՆ

  • 06-06-2007 16:52:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերության կողմից իրականացվող «Դիլիջան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վերականգնմանն ու պահպանմանն ուղղված ներդրումային ծրագրի արդյունքում Դիլիջանը տեղացիների եւ զբոսաշրջիկների համար կդառնա առաջնային հանգստավայր: Ինչպես հունիսի 6-ի ասուլիսում հայտնեց ընկերության տնօրեն Հակոբ Հակոբյանը, վերականգնողական աշխատանքներ են իրականացվում Շարամբեյան փողոցի վրա գտնվող «Դիլիջան» պատմամշակութային արգելոցում: Ըստ նրա, 160 մլն. դրամի (մոտ 457 հազ. ԱՄՆ դոլար) ներդրումներ են կատարվել արգելոցում առկա շենք-շինությունները պատմական ոճով վերականգնելու նպատակով: Արգելոցում լինելու է թանգարան, որը 19-րդ դարին հատուկ բնակելի շինություն պետք է լինի` կահավորված ձեռագործ կահույքով, եւ ունենալու է ցուցասրահ: «Կտեղադրվեն նաեւ փոքր խանութներ, արհեստանոցներ ու արվեստանոցներ, որտեղ կաշխատեն եւ իրենց ձեռքի աշխատանքները կվաճառեն հայ վարպետները»,-նշեց ընկերության տնօրենը: Արգելոցի պատմամշակութային հատվածի բացումը նախատեսված է 2 ամսից: Ընկերության վաճառքի եւ մարկետինգի տնօրեն Նարինե Եղոյանը հայտնեց, որ Դիլիջանում կառուցվում են նաեւ 40 սենյակ ունեցող հյուրանոցային համալիր եւ ռեստորան: Ըստ նրա, «Ավան Դիլիջան»-ը «Թուֆենկյան ավանդական հյուրանոցներ» ցանցի 4-րդ հյուրանոցն է, որի նախագծման աշխատանքներին մասնակցել են հայ եւ ամերիկացի հայտնի ճարտարապետներ եւ դիզայներներ: Ն.Եղոյանը նշեց, որ հյուրանոցը կկառուցվի հայկական ավանդական ճարտարապետական ոճով, կկահավորվի ձեռագործ կահույքով եւ «Թուֆենկյան» ձեռագործ գորգերով: Ընդհանուր առմամբ հյուրանոցի կառուցման համար կծախսվի մոտ 1,5 մլն. դոլար: Հյուրանոցի բացումը նախատեսվում է 2009թ.-ին: Նշվեց նաեւ, որ «Թուֆենկյան ավանդական հյուրանոցներ» ցանցը համալրվելու է եւս 3 հյուրանոցով, որոնք կկառուցվեն Վայոց Ձորի Արենի գյուղում, Երեւանում եւ Ստեփանակերտում: Առաջին երկուսի շինարարական աշխատանքները արդեն սկսվել են, իսկ երրորդը` նախագծման փուլում է:
Նոյյան տապան  -   Հասարակություն