ՍՕՄՔ-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԱՏԱՐԻ ՄՈՒՏՔՆ ԱԴՐԲԵՋԱՆ<br /> ԱՐԳԵԼՎԵԼ Է<br />


ՍՕՄՔ-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԱՏԱՐԻ ՄՈՒՏՔՆ ԱԴՐԲԵՋԱՆ
ԱՐԳԵԼՎԵԼ Է

  • 17-05-2007 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նախօրեին Հայաստանի սահմանը հատել են «Սեվծովյան օղակաձեւ մայրուղու քարավան» (ՍՕՄՔ) ծրագրին մասնակից բեռնատար ավտոմեքենաները, որոնք մեկնարկ էին վերցրել ապրիլի 14-ին Բելգրադում, մայիսի 17-ին Հայաստանից ուղղվեց Վրաստան: Ծրագրին մասնակից բեռնատարների թվում են 1-ական մեքենաներ սեւծովյան 12 երկրներից (Սերբիա, Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Բուլղարիա, Ռումինիա, Թուրքիա, Հունաստան, Ալբանիա, Ադրբեջան): Նշենք, որ թեեւ ծրագրին մասնակցում է նաեւ Ադրբեջանը, սակայն նրանց բեռնատարը Հայաստան չէր եկել, իսկ հայկական բեռնատարի մուտքն Ադրբեջան արգելվել է: Քարավանի վերջին հանգրվանը կլինի Թուրքիայի Ստամբուլ քաղաքը: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանի, այս երթուղով հայկական բեռնատարը նույնպես անարգել մուտք կգործի Թուրքիա: Հ.Բեգլարյանը նշեց, որ այս նախաձեռնությունը կնպաստի Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների միջեւ առեւտրի խթանմանը, ուղեւորաբեռնափոխադրումների ծավալների աճին: Ծրագրի նպատակն է, մասնավորապես, տեղեկատվություն հավաքել սահմանային անցման կետերում սպասման ժամանակի, ընթացակարգերի եւ վճարների, ՍԾՏՀ-ի երկրներում վարորդների հանդեպ ներկայացվող վիզային պահանջների մասին: ՍՕՄՔ ծրագիրն իրագործվում է ՍԾՏՀ երկրների արտգործնախարարների խորհրդի այս տարվա ապրիլի 19-ի նիստի ժամանակ ստորագրված «Սեւծովյան օղակաձեւ մայրուղու համակարգված զարգացման» փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Փաստաթուղթն ստորագրած կողմերը համաձայնել են Սեւ ծովի շրջագծով կառուցել 7000 կմ երկարությամբ օղակաձեւ մայրուղի: Մայրուղու փորձարկումից հետո, ըստ Հ.Բեգլարյանի, անհրաժեշտության դեպքում որոշ հատվածներ կվերակառուցվեն: Այդ աշխատանքներին կմասնակցի նաեւ հայկական կողմը, որի տարածքով անցնում է մայրուղու 300 կմ-անոց հատվածը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն