ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ ՑԱՎԱԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԿՈՄՍՈՄՈԼԱՏԻՊ ԲԱԶԵՆԵՐԻ`<br /> ԾԱԽՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ<br />


 

ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ ՑԱՎԱԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԿՈՄՍՈՄՈԼԱՏԻՊ ԲԱԶԵՆԵՐԻ`
ԾԱԽՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ

  • 15-05-2007 20:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ազգային ժողովրդավարների դաշինք» (ԱԺԴ) կուսակցությունը առաջիկայում նախատեսում է հիմնել քաղաքական ակումբ, որտեղ քաղաքական գործունեության փորձ ունեցող գործիչների համար կստեղծվի ոչ ֆորմալ պայմաններում փորձի փոխանակման, գաղափարների շուրջ քննարկումների հնարավորություն: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնեց կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը, որը 1990 թվականից ի վեր առաջին անգամն է պարտվում խորհրդարանական ընտրություններում: Գնահատելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Ա.Սադոյանը համոզմունք հայտնեց, որ «ինչպես համապետական մյուս բոլոր ընտրությունները, այս խորհրդարանական ընտրությունները եւս կեղծվեցին նույն ձեռագրով»: Ըստ նրա, այդ գործընթացում միակ ուրախալի փաստն այն էր, որ «Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանում ներկայացված լինելու որոշակի հնարավորություն ունեցավ: «Երկրում տիրող անօրինականությունների մասին բարձրաձայնելու, ինչպես նաեւ քաղաքականության մեջ առողջ սերնդափոխություն ապահովելու համար խորհդարանական ամբիոնը օգտագործելու իմ նպատակը չիրականացավ»,- նշեց Ա.Սադոյանը, ցավալի համարելով այն, որ քաղաքականություն կմտնեն «կոմսոմոլատիպ բազեները կամ 5-րդ շարասյուն հանդիսացող ծախու երիտասարդները»: Անդրադառնալով 2008թ.-ի նախագահական ընտրություններին, նա թիվ մեկ խնդիրը համարեց 1930 ընտրատեղամասերի վերահսկողական խմբերի նախապատրաստումը: Նա հավաստիացրեց, որ իր ղեկավարած կուսակցությունն ամեն ինչ կանի, որպեսզի ընտրողների մոտ ձեւավորվի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ: «Եթե լավ թեկնածուներ առաջադրվեն, ես կաջակցեմ նրանց: Եթե ոչ, ես ինքս կառաջադրվեմ, բայց, կարծում եմ, այս քայլին գնալու անհրաժեշտություն չի լինի»,- հավելեց Ա.Սադոյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական