ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԲԱՑՎԵՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ<br /> ՎԵՐԱԲԵՐՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԲԱՑՎԵՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ
ՎԵՐԱԲԵՐՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

  • 18-04-2007 17:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային օրվա` ապրիլի 18-ի կապակցությամբ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում առաջին անգամ բացվեց «Արդյունաբերական ժառանգություն. Սեւան-Հրազդան կասկադ» լուսանկարների ցուցահանդեսը` նվիրված երկրի արդյունաբերական հսկա Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի համալիրին: Թանգարանի տնօրեն Աշոտ Գրիգորյանի խոսքերով, Հայաստանում գրեթե մոռացության են մատնվել միջնադարից մինչեւ այսօր գոյություն ունեցող արդյունաբերական ժառանգությունը, որը, ինչպես պատմամշակութային ու հոգեւոր մյուս արժեքները, ունի պահպանության եւ պաշտպանության կարիք: Ըստ Ա.Գրիգորյանի, օրվա խորհուրդն է հանրության շրջանում բարձրացնել արդյունաբերական ժառանգության նկատմամբ ուշադրությունն ու ձեւավորել նոր մոտեցում դրանց թանգարանացման համար: «Աշխարհի շատ երկրներում վաղուց արդեն արդյունաբերական ժառանգությունը մատչելի է դարձել հասարակության համար. բացվել են տեխնիկական թանգարաններ, արդյունաբերական արգելոց-վայրեր»,- նշեց տնօրենը: Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային օրը Հայաստանում նշվում է 2001 թվականից, երբ երկիրը դարձավ միջազգային ԻԿՕՄՕՍ-ի (Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհուրդ) անդամ: Հայաստան-ԻԿՕՄՕՍ կազմակերպության գլխավոր քարտուղար Հասմիկ Ազիզյանի խոսքերով, իրենց նպատակն է հասարակության ուշադրությունը բեւեռել արդյունաբերական ժառանգության կառույցներին, որոնք «գեղարվեստական առումով այդքան փառահեղ չեն, սակայն հետաքրքիր են ու կարեւոր իրենց համակողմանիությամբ»: Բացի այդ, նշված կառույցներն ունեն նաեւ սոցիալական արժեք, քանի որ դարանցում աշխատել են մարդիկ, կերտել իրենց աշխատանքային կենսագրությունը: Ըստ Հ.Ազիզյանի, արդյունաբերական կառույցների համար շատ կարեւոր է լանդշաֆտների գործոնը` հաշվի առնելով, որ շատ հաճախ արդյունաբերական այս կամ այն ձեռնարկության աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման հետեւանքով վնասվում են մշակութային լանդշաֆտները:
Նոյյան տապան  -   Մշակույթ