ՀՀ ԿԲ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՎԱՐԿԵՐԻ ՈՐԱԿԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ
ՔԱՆԱԿԸ
04-04-2007 22:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի
նախագահ Տիգրան Սարգսյանին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ
Fitch Ratings ընկերության զեկույցի համաձայն, Հայաստանն աշխարհում
վերջին տեղն է գրավում վարկավորման եւ ՀՆԱ-ի ծավալների
հարաբերակցության ցուցանիշով: Պատասխանելով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի
թղթակցի հարցին, նա նշեց, որ «կարեւոր է վարկերի որակը, այլ ոչ թե
քանակը»:
ՀՀ ԿԲ-ի նախագահի խոսքերով, Հայաստանի բանկային համակարգում
տրամադրվող վարկերի որակը շատ ավելի բարձր է, քան, մասնավորապես,
«հարեւան պետություններում, քանի որ վարկերի դասակարգման հանդեպ
մեր մոտեցումները շատ ավելի խիստ են»:
Տ.Սարգսյանի գնահատմամբ, «եթե վարկավորման մեր կանոնները
ներդրվեն հարեւան պետություններում, ապա նրանց վարկային
ներդրումների ծավալը կտրուկ կնվազի»: Եվ հակառակը, «եթե մենք
փոխենք վարկային ներդրումների հաշվառման մեթոդները եւ կիրառենք այն
մեթոդները, որոնք կիրառվում են հարեւան երկրներում, ապա մեր մոտ
վարկերի ծավալը կարող է կտրուկ աճել: Բայց մենք գիտակցաբար չենք
գնում այդ ճանապարհով»:
Նշենք, որ 2006թ.-ին վարկավորման ծավալ/ՀՆԱ
հարաբերակցությունը Հայաստանում կազմել է 9,2%, Ադրբեջանում`12,4%,
Վրաստանում` 20,6%: