ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՎՈՒՄ Է ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ<br /> ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՎՈՒՄ Է ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

  • 04-04-2007 15:08:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 4-ին Երեւանում անցկացվեց «Սոցիալական գործընկերությունը Հայաստանում» թեմայով մեկօրյա սեմինար` նվիրված «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության 15-ամյակին: Ինչպես նշեց գործակալության պետ Սոնա Հարությունյանը, 2006թ.-ի հունվարից գործող «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» օրենքը էական դերակատարում է ունեցել զբաղվածության ոլորտում բարեփոխումների իրականացման գործում: Նա հայտնեց, որ ներկայումս մշակվում է զբաղվածության ոլորտի ազգային ռազմավարական ծրագիր, որը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի 2008թ.-ին: Գործակալության Աշխատաշուկայի վերլուծության եւ կանխատեսման բաժնի պետ Անահիտ Փարսադանյանը նշեց, որ մարտի 1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը կազմել է 7,2%, ինչը նախորդ տարվա նույն օրվա համեմատ նվազել է 5%-ով: Ըստ նրա, նույն ամսին գործակալությունում հաշվառված են 102,6 հազար աշխատանք փնտրողներ, իսկ ամսվա ընթացքում գործատուների կողմից ներկայացվել է թափուր աշխատանքի 1400 տեղ` հիմնականում բանվորական մասնագիտությունների գծով: Հունվար-փետրվարին աշխատանքի է տեղավորվել 650 գործազուրկ, որոնցից 56%-ը` կանայք են:
Նոյյան տապան  -   Հասարակություն