ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԿԱՅՈՒՆ ՀԻՄՔԵՐԻ<br /> ՎՐԱ Է,- ԱՍՈՒՄ Է ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԿԱՅՈՒՆ ՀԻՄՔԵՐԻ
ՎՐԱ Է,- ԱՍՈՒՄ Է ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐԸ

  • 29-03-2007 15:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սոցիալական աշխատանքի ինստիտուտը Հայաստանում կայուն հիմքերի վրա է: Այս մասին «Հայաստանում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը. ձեռքբերումներ եւ հիմնախնդիրներ» խորագրով մարտի 29-ի գիտաժողովի ժամանակ հայտարարե ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ 1993թ.-ին երկրում տիրող սոցիալական լարվածության պայմաններում ստեղծվեց սոցիալական ծառայությունների համակարգը, որը պետք է կազմակերպեր մարդասիրական օգնության հասցեագրված բաշխման աշխատանքները: Ա.Վարդանյանի դիտարկմամբ, ժամանակի ընթացքում փոփոխվում են սոցիալական աշխատողի գործառույթները` դրանք համապատասխանեցնելով բնակչության կարիքներին ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքին: Նախարարը կարեւորեց 2006թ.-ից գործող «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որում առկա է «Սոցիալական աշխատանք եւ սոցիալական աշխատանքի մասնագետներ» բաժինը: «Օրենքով նախատեսվում է նաեւ սոցիալական աշխատանքի մասնագետների էթիկայի կանոնների, տնային այցելություն կատարելու մեթոդական ցուցումների մշակումը եւ հաստատումը»,- հայտնեց նա: Միաժամանակ Ա.Վարդանյանը նշեց, որ այս ոլորտում առկա են նաեւ խնդիրներ: Դրանք են, մասնավորապես, սոցիալական աշխատանքի չափորոշիչների մշակում, սոցիալական աշխատողների շարունակական վերապատրաստում ու մասնագիտական որակավորման բարձրացում: Նախարարը հույս հայտնեց, որ գիտաժողովի ընթացքում ներկայացվող եւ քննարկվող թեմաները կնպաստեն բնակչության տարբեր խմբերին մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաեւ հիմք կծառայեն պետական քաղաքականության մշակման համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն