Մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ փառատոնը


Մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ փառատոնը

  • 11-07-2011 13:39:48   | Հայաստան  |  Մշակույթ
 Հուլիսի 10-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում իրանցի ռեժիսոր Աբաս Քյարոսթամիի «Վավերացված պատճեն» ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ փառատոնը: Մինչ այդ տեղի ունեցավ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փառատտոնի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը, իրանցի ռեժիսոր Աբաս Քյարոսթամին եւ ճանաչված այլ կինոգործիչներ: Դիմելով ներկաներին, Տ.Սարգսյանը նշեց. «Փառատոնի օրերին մենք մի պահ մոռանում ենք մեր ամենօրյա հոգսերը եւ վազում ենք փառատոնի հետ միասին, քանի որ ծրագիրը շատ խիտ է, հետաքրքրական, եւ Երեւան են ժամանում տաղանդաշատ մարդիկ»: Վարչապետը հայտնեց, որ կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի փառատոնը ունենա շարունակություն։ Փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ դահլիճում տեղերը չեն բավականացնում, եւ շատերը կանգնած են, հույս հայտնեց, որ 10-րդ փառատոնին արդեն կունենան փառատոնային կենտրոն, որի դահլիճը կտեղավորի 1500 հանդիսատեսի։ Փառատոնի տնօրենի խոսքերով, «Ոսկե ծիրանը» հիմնված է երկու սյուների վրա՝ մեկը կառավարությունն է՝ հանձին Մշակույթի նախարարության, մյուսը՝ հովանավորներն են, որոնք նույնպես մեծ աջակցություն են ցուցաբերում փառատոնին: «Ես բոլորին չեմ թվարկի, բայց բեմ կհրավիրեմ մեր փրկիչ, փառատոնի լավագույն բարեկամ, բազմաթիվ մշակութային եւ այլ ծրագրերի հովանավոր Ռալֆ Յիրիկյանին»,- նշեց Հ.Խաչատրյանը՝ բեմ բարձրացած Ռ.Յիրիկյանին հանձնելով փառատոնի «Մանթաշյանց» մրցանակը: Հ.Խաչատրյանի բնորոշմամբ, «աշխարհի ամենագեղեցիկ, ամենախելացի, ամենատաղանդավոր դերասաններից մեկին»՝ Ֆանի Արդանին, շնորհվեց փառատոնի ամենամեծ՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը, որը տրվում է համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար: «Հայաստանը ինձ համար միշտ եղել է վիպական երկիր: Եթե կա մի երկիր, որ պիտի ունենա մեծ փառատոն, Հայաստանն է, որովհետեւ Հայաստանը գտնվում է Արեւելքի ու Արեւմուտքի եւ այլ մշակույթների խաչմերուկում: Ինձ համար մեծ պատիվ եւ պարտավորություն է նման մրցանակ ստանալը»,- ասաց դերասանուհին։
Նոյյան տապան  -   Մշակույթ