ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵՑ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ<br /> ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ<br />


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵՑ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ

  • 20-02-2007 19:25:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովի կառավարության նախաձեռնությամբ հրավիրված փետրվարի 20-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Դատախազության մասին» օրինագիծը եւ դրանից բխող մի շարք օրենքներում փոփոխությունների եւ լրացումների օրենսդրական փաթեթը, որը քննարկվել էր դեռեւս նախորդ հերթական քառօրյայում: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի «Դատախազության մասին» օրինագծով հստակեցվում են դատախազության լիազորությունները եւ յուրաքանչյուր լիազորության իրականացման հետ կապված ավելի մանրամասն սահմանվում են դատախազի իրավունքներն ու պարտականությունները: Դա հատկապես վերաբերում է պատիժների, հարկադրանքի այլ միջոցների իրականացման օրինականության հսկողությանը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելուն եւ քրեական ոլորտի հետ կապված հարաբերություններին: Փոփոխություններ են մտցված նաեւ Դատախազության համակարգում: Դատախազը շատ ավելի ինքնուրույն դեմք է դառնում հատկապես քրեական դատավարության ոլորտում: Դ.Հարությունյանը նշեց, որ անցումային ժամանակահատվածից հետո, հավանաբար, ընթացիկ տարվա հունիս ամսին, դատախազությունում կվերանա քննիչների ինստիտուտը, եւ դատախազությունը այլեւս նախաքննություն չի իրականացնի: Նախաքննություն իրականացնելու հիմնական բեռը իրենց վրա կվերցնեն ՀՀ Ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը: Նախարարը չբացառեց հետագայում նախաքննություն իրականացնող մարմինների ստեղծումը նաեւ այլ կառույցներում, մասնավորապես, մաքսային եւ հարկային ծառայություններում: Իսկ դատախազությունը կկատարի իր վրա դրված ամենակարեւոր լիազորությունը` կիրականացնի հսկողություն նախաքննության եւ հետաքննության նկատմամբ: Դատախազության համակարգի կառուցվածքը սկզբունքորեն կմնա անփոփոխ, սակայն փոփոխություն է նախատեսվում Գլխավոր դատախազության կառուցվածքում: Դա պայմանավորված է նրանով, որ նույն դատախազին է տրվելու գործն ամբողջությամբ վարելու լիազորությունը, նույն դատախազն է պատասխանատու լինելու կոնկրետ գործով քրեական հետապնդման փուլի, նախաքննության եւ հետաքննության օրինականության հսկողության, դատարանում մեղադրանքի պաշտպանության, բողոք բերելու համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն