Հուլիսի 14-ին Օսլոյում Երեւանի «Միկան» կհանդիպի նորվեգական «Վոլերենգայի» հետ
13-07-2011 09:43:09 | Հայաստան | Սպորտ
Հուլիսի 14-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Ուլլեվոլ մարզադաշտում Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակներում տեղի կունենա Երեւանի «Միկայի» առաջին հանդիպումը նորվեգական «Վոլերենգայի» հետ, իսկ մեկ շաբաթ անց թիմերը կհանդիպեն արդեն Երեւանում:
Խաղի մասին տեղեկություններ են զետեղվել տաբեր կայքերում եւ ֆեյսբուքում: Ինչպես տեղեկացնում է Էրիկ Գրիգորյանը Օսլոյից, Նորվեգիայի հայերի շրջանում կազմակերպվել է մասնակիցների նախնական գրանցում: Մոտ քառասուն հայ արդեն գրանցվել են եւ կայցելեն մարզադաշտ հայ ֆուտբոլիստներին քաջալերելու համար:
Armsport.am-ին տրված հարցազրույցում «Միկա» ակումբի գլխավոր քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը պարզաբանել է, որ իրենք խաղին լուրջ են նախապատրաստվում եւ ուսումնասիրել են մրցակցի խաղացողներին եւ «Վոլերենգային»` որպես թիմ: Նա նաեւ տեղեկացրել է, որ իրենց պատվիրակությունում լինելու է 32 հոգի: Պատվիրակությունը եւ տեղի հայերի խումբը միասին կանցնեն 70-ը, ինչը լուրջ ներկայություն է: Համաձայն կարգի եւ «Միկա» ակումբի կողմիղ «Վոլերենգային» նախապես տրամադրած տեղեկության` նորվեգական կողմը հայ երկրպագուների համար տեղեր կհատկացնի մարզադաշտում: Նույնը կանի «Միկան» Երեւանում կայանալիք պատասխան խաղի ժամանակ:
«Վոլերենգայի» հետ Երեւան է ժամանելու 80 ֆուտբոլասեր: Պատասխան խաղը տեղի է ունենալու «Միկայի» մարզադաշտում: