«Անգրագետ հայրենասիրության» հետեւանքով աղավաղվում է Գանձասարի մշակութային արժեքը. Սամվել Կարապետյան
13-07-2011 13:14:16 | Հայաստան | Մշակույթ
Արցախի Գանձասար վանական համալիրի պարիսպը սալիկապատվում է, ինչը
մեծ անհատգստություն է առաջացրել Հայաստանի հուշարձանագետների շրջանում: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պարսպի նման ձեւով վերանորոգումն ուղղակի անթույլատրելի է, քանզի խախտվում է հուշարձանների վերականգնման գիտական սկզբունքը, որի հետեւանքով էլ աղավաղվում է մշակութային արժեքը:
Ըստ նրա, Գանձասարի պարիսպը 13-րդ դարի կառույց է, որը նորոգվել է 17-18, 20-րդ դարերում: Այսօր այն կրկին նորոգվում է` ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի հովանավորությամբ, բայց չի պահպանվում վանքի ոգին:
«Երբ մենք գործ ենք ունենում անգրագետ հայրենասիրության հետ, ունենում ենք շատ վատ արդյունքներ, եւ եթե չդադարեցվեն Գանձասարի պարսպի վերանորոգման աշխատանքները, ապա վաղը մենք կունենանք 2011թ.-ի Գանձասար եկեղեցու շրջապարիսպ»,- ասաց Ս. Կարապետյանը եւ որպես օրինակ լրագրողներին ցույց տվեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հովանավորությամբ նորոգված Ասկերանի շրջանի Շոշկա վանքի լուսանկարները` հին եւ նորոգված տարբերակով: Վերանորոգոմից հետո վանքը կորցրել է իր նախկին տեսքը:
Հուշարձանագետը կոչ արեց անհապաղ դադարեցնել պարսպի վերանորոգման աշխատանքները եւ մաքրել սալապատված հատվածները, հավելելով, որ Գանձասարի վանքի պարսպի վերականգնման գիտական նախագիծը գոյություն ունի դեռ 1989 թվականից, եւ եթե ցանկություն կար վերականգնելու այն, կարելի էր առաջնորդվել դրանով: Նա ցավով նշեց, որ անգամ նման դեպքերում ճարտարապետների կարծիքը լսող չի լինում:
Նշվեց, որ UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ Գանձասարի վանքը չի մտնում եւ եթե այդ հարցը դրվի, «նորովի թխած պարսպի» առկայությունը միայն բավարար է, որպեսզի համաշխարհային արժեք համարվող Գանձասարը դուրս մնա ցանկից: