Տեղի ունեցավ «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով»<br /> մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը<br />


Տեղի ունեցավ «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով»
մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը

  • 15-12-2009 20:56:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության տասնամյա հոբելյանի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հանրակրթական բոլոր դպրոցներում նախաձեռնել էին «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» մրցույթ-փառատոնը, որի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կայացավ դեկտեմբերի 15-ին Էջմիածնի Հայորդաց տանը: Ըստ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության, արարողությանը մասնակցում էին Վեհափառ Հայրապետը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Մրցույթը նպատակ ուներ աշակերտներին հաղորդակից դարձնել Սուրբ պատարագի խորհրդին եւ երգեցողությանը: Մրցույթ-փառատոնը կազմակերպվել է երեք փուլով` համայնքային, մարզային եւ հանրապետական: Դեկտեմբերի 1-3-ին Նորին Սրբության օրհնությամբ Սուրբ Էջմիածնում կայացել է հանրապետական` եզրափակիչ փուլը, որին մասնակցել է հանրապետության մարզերի 10 դպրոց: «Ավանդական արժեքներից ավելի լավը չենք կարող ունենալ. հայ եկեղեցին է, որ ազգային ինքնության պահպանման հարցերում բացառիկ դերակատարություն է ունեցել, հայ եկեղեցին է, որի բացառիկ առաքելությունը հոգեւոր կյանքում ճանաչված է ՀՀ Սահմանադրությամբ»,- նշել է Ա.Աշոտյանը: Նա ընդգծել է, որ եկեղեցին, բանակը եւ Արցախն են այն երեք հիմնական գործոնները, որոնց վրա կարելի է կառուցել ուսումնադաստիարակչական եւ հայրենասիրական դաստիարակության գործընթացը: Անդրադառնալով մրցույթին, նախարարը նշել է, որ այս մրցույթի շնորհիվ իրականում հոգեւոր շարժում է եղել դպրոցներում եւ' քանակական, եւ' որակական առումով: «Ես խնդրել եմ Վեհափառին այս միջոցառումը դարձնել ավանդական: Մենք պետք է փորձենք դպրոցներում այս հոգեւոր շարժումը պահել եւ հետագայում ընդգրկել նաեւ բուհերը»,- ասել է Ա.Աշոտյանը: Հանդիսության ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս մրցանակներ է հանձնել ըստ անվանակարգերի հաղթող ճանաչված հետեւյալ դպրոցներին. «Լավագույն կերպավորում» - Երեւանի թիվ 154 դպրոց, «Լավագույն մենակատար» - Շիրակի մարզի Հառինջ գյուղի միջնակարգ դպրոց, «Լավագույն երաժշտական հագեցվածություն» - Եղեգնաձորի թիվ 2 միջնակարգ դպրոց, «Հանձնախմբի համակրանք» - Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոց, «Ներդաշնակ ասմունք» - Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոց, «Լավագույն բեմադրություն» - Արարատի մարզի Մասիսի միջնակարգ դպրոց, «Լավագույն կատարում» - Էջմիածնի Ներսիսյան վարժարան, «Լավագույն սցենար» - Կոտայքի մարզի Ջրվեժի միջնակարգ դպրոց, «Հայրապետական մրցանակ» - Աշտարակի թիվ 1 միջնակարգ դպրոց եւ Ստեփանավանի թիվ 3 միջնակարգ դպրոց:
Նոյյան տապան  -   Հասարակություն