Ռոման Բալայան. «Հայկական ֆիլմերին պակասում է կոմեդիան»


 

Ռոման Բալայան. «Հայկական ֆիլմերին պակասում է կոմեդիան»

  • 13-07-2011 16:56:00   | Հայաստան  |  Մշակույթ
 Հուլիսի 13-ին «Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայազգի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ռոման Բալայանը ներկայացրեց իր ֆիլմերը: Այս տարի փառատոնը ներառում է 3 հոբելյանական ծրագրեր, որոնցից մեկը նվիրված է Ռոման Բալայանի 70-ամյակին: Այս կապակցությամբ «Ոսկե ծիրանի» շրջանակում կցուցադրվեն նրա` «Մենավոր գայլը» (1977թ.), «Թռիչքներ երազում եւ արթմնի» (1982թ.), «Համբույր» (1983թ.), «Պահպանի՛ր ինձ, ի՛մ թալիսման» (1987թ.), «Մատնիչը» (1987թ.) եւ «Մի գիշեր Փարաջանովի թանգարանում» (1998թ.) ֆիլմերը: 1987թ. «Թռիչքներ երազում եւ արթմնի» ֆիլմը արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Ռեժիսորը որոշ դրվագներ ներկայացրեց իր մասնագիտական կյանքից, պատմեց զավեշտալի դեպքեր: Հարցին, թե ինչն է պակասում այսօր հայ կինոյին, նա պատասխանեց. «Հայկական ֆիլմերին պակասում է կոմեդիան: Ես նայում եմ դերասաններին եւ Ցեղասպանություն եմ տեսնում նրանց դեմքերին»,- նշեց Ռ.Բալայանը` ցանկություն հայտնելով, որ մենք ձերբազատվենք դրանից: Նշենք, որ հայազգի ռեժիսորը ծնվել է 1941թ., Լեռնային Ղարաբաղում: 1969թ-ին ավարտել է Կիեւի թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը: Այդ ժամանակից ի վեր ապրում եւ աշխատում է Կիեւում եւ Մոսկվայում: Անի Ռափյան
Նոյյան տապան  -   Մշակույթ