Ախալցխահայությունը հայկական մշակութային միջոցառումների մեծ<br /> ծարավ ու կարիք ունի<br />


Ախալցխահայությունը հայկական մշակութային միջոցառումների մեծ
ծարավ ու կարիք ունի

  • 13-11-2009 22:30:00   | Վրաստան  |  Մշակույթ
ԱԽԱԼՑԽԱ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Արարատյան Հայրապետական թեմի սբ. Սարգիս եկեղեցու «Ծաղկազարդ» երգչախումբն իր կատարումներով հանդես եկավ Վրաստանի բոլոր հայաշատ քաղաքներում: Ինչպես տեղեկացնում է Ախալցխայի «Վերածնունդ» կազմակերպությունը, նոյեմբերի 12-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանից ժամանած Արարատյան Հայրապետական թեմի Երեւանի Սբ. Սարգիս եկեղեցու «Ծաղկազարդ» երգչախումբը հանդես եկավ հոգեւոր եւ ժողովրդական երգերի կատարումներով: Համերգից հետո Ախալցխայի հոգեւոր հովիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը եւ Սուխլիս գյուղի Հայ Կաթողիկե եկեղեցու Վարդապետ Գրիգորը Միքաելյանը իրենց շնորհակալությունը հայտնեցին Սփյուռքի նախարարության Կովկասի հարցերով պատասխանատու` Սեւակ Մանուկյանին եւ Արարատյան Հայրապետական թեմի Սբ. Սարգիս եկեղեցու «Ծաղկազարդ» երգչախմբի ղեկավար` Լիլիթ Գրիգորյանին, ինչպես նաեւ երգչախմբի բոլոր անդամներին: Հոգեւորականները իրենց խոսքում ողջունեցին Սփյուռքի նախարարության այս նախաձեռնությունը եւ հույս հայտնեցին, որ մոտ ապագայում եւս նման միջոցառումներ կկազմակերպվեն նախարարության կողմից, քանզի, իրենց խոսքերով, ախալցխահայությունը նման համերգների եւ այլ մշակութային միջոցառումների մեծ ծարավ ու կարիք ունի: Նույն աղբյուրի տեղեկացմամբ, մինչ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած համերգը հյուրերը այցելեցին նաեւ Ախալցխայի հայկական երիտասարդական կրթա-մշակութային կենտրոն, որտեղ կենտրոնի սաները երգչախմբի անդամներին դիմավորեցին ազգային պարերով ու երգերով: «Ծաղկազարդ» երգչախումբը համերգներով հանդես էր եկել նաեւ Ախալքալաքում ու Նինոծմինդայում, սակայն Ախալցխայում նոյեմբերի 10-ին ծրագրած համերգն անցկացնել չհաջողվեց` տարածք չտրամադրելու պատճառով: Վերջի պահին երգչախումբը տեղի կազմակերպիչ Սամվել Հովեյանից տեղեկացել էր, որ համերգը տեղի չի ունենա, քանզի քաղաքի պետական թատրոնի շենքում նույն օրը այլ միջոցառում է նախատեսված: Սփյուռքի նախարարության ներկայացուցչի խնդրանքը իրենց տրամադրել քաղաքի հայկական դպրոցի դահլիճը, ըստ նույն աղբյուրի, «անհասկանալի» պատճառներով մերժվեց: Բաթումիում տեղի ունեցած համերգներից հետո միայն երգչախումբը կրկին վերադարձավ Ախալցխա, որտեղ եւ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ սպասված համերգը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play