Կառավարությունն առաջարկում է առավել դյուրին դարձնել<br /> սփյուռքահայերի մուտքը Հայաստան<br />


Կառավարությունն առաջարկում է առավել դյուրին դարձնել
սփյուռքահայերի մուտքը Հայաստան

  • 26-10-2009 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 26-ին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, վերջինի ընդունումն ավելի դյուրին կդարձնի սփյուռքահայերի` Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա ստանալու գործընթացը, իսկ սփյուռքահայ ուսանողները կկարողանան լուծել կացության կարգավիճակի հարցը` առանց խաթարելու ուսման գործընթացը: Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում է, որ «ուսման նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակն երկարաձգելու դիմումները ներկայացնելու համար ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից կարող է սահմանվել ավելի ուշ ժամկետ»: Գործող օրենքով այդ կարգավիճակը տրվում է մինչեւ 1 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ, ընդ որում, երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ: Գործող օրենքի համաձայն, նաեւ, ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրյացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի եւ ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ: Այդպիսիք կարող են լինել ուսումը, կամ աշխատանքի թույտվության առկայությունը, ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում օրինական կարգով բնակվող օտարերկրյացու հետ ամուսնությունը, կամ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու մերձավոր ազգականը (ծնող, եղբայր, քույր, ամուսին, զավակ, տատ, պապ, թոռ) լինելը կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը: Նախագծով առաջարկվում է ի լրումն վերոհիշյալ հանգամանքների ամրագրել նաեւ ազգությամբ հայ լինելը: Ի թիվս գործող հիմքերի, նույն պայմանը նախատեսվում է նաեւ 5 տարի ժամկետով մշտական կացության կարգավիճակ ստանալու դեպքում: Բացի այդ, նախատեսվում է, որ օրենքը խախտելու համար վարչական պատասխանատվության ենթակված եւ վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը չկատարած օտարերկրյացին կարող է մուտքի վիզա կամ կացության կարգավիճակ ստանալ, եթե վարչական պատասխանատվության ենթակվելու պահից անցել է 1 տարի: Ի պատասխան պատգամավորների հարցերի, նախարարը հայտնեց, որ երկքաղաքացիությունը վերոհիշյալ հարցերը շատ դեպքերում չի լուծում այն պատճառով, որ կան երկրներ, որոնք թույլ չեն տալիս երկքաղաքացիություն: Ըստ Հ.Հակոբյանի, նախ, նման դեպքում քաղաքացին չի կարող օգտվել այդ իրավունքից, եւ, երկրորդ` Հայաստանը փորձում է առաջարկել բոլոր ձեւերը. ժամանակավոր եւ մշտական կացություն, հատուկ կարգավիճակ` 10 տարով, եւ երկքաղաքացիություն: Նախարարի մատուցմամբ, բնականաբար, երկքաղաքացիությունն ամենաբարձր կարգավիճակն է, երբ օտարերկրացին ձեռք է բերում ՀՀ քաղաքացու իրավունքներ եւ պարտականություններ` վճարելով ընդամենը 1-1,5 հազար դրամ փաստաթղթի ձեւակերպման համար: Ըստ նրա, օրենքի ընդունումից հետո երկքաղաքացիություն է ստացել ընդամենը 1 640 անձ, սակայն վերջին 7 ամսում այդ գործընթացը շատ ակտիվացել է: ՀՀ Սփյուռքի նախարարը հիշեցրեց նաեւ, որ ընթացիկ տարվա ապրիլի 1-ին ընդունված օրենքի համաձայն, էապես նվազեցվել են մուտքի վիզայի ձեռքբերման վճարները. 21 օրվա համար նախատեսված է 3 հազար դրամ, իսկ 120 օրվա համար` 15 հազար դրամ:
Նոյյան տապան  -   Հասարակություն