Արմեն Հարությունյան. «Այսօր Հայաստանում գործում է
աշխատանքային շահագործման սկզբունքը»
23-10-2009 15:00:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում այսօր
գործում է աշխատանքային շահագործման սկզբունքը: Այսպիսի
հայտարարություն արեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն
Հարությունյանը աշխատանքային շահագործման, մենաշնորհների եւ շրջակա
միջավայրի պահպանության խնդիրներին նվիրված հոկտեմբերի 23-ի
ասուլիսում: «Այն մարդկանց համար, ովքեր քաղաքացուն դիտարկում են
որպես նրա իրավունքների խախտմամբ գերշահույթ ստանալու միջոց,
պետությունը եւս գերշահույթ ստանալու միջոց է դառնում»,-
հայտարարեց Պաշտպանը:
Որպես օրինակ, Ա.Հարությունյանը տեղեկացրեց, որ իր դիմումի
հիման վրա Աշխատանքի պետական տեսչությունը ստուգումներ է անցկացվել
երթուղային տաքսիների վարորդների իրավունքների հնարավոր
խախտումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար:
Ստուգումներով, որ կատարվել են 70 կազմակերպություններից միայն
5-ում, պարզվել է, որ վարորդներին շահագործել են արտաժամյա` 18
ժամ, աշխատեցրել են առանց վճարելու. ընդհանուր առմամբ, չի վճարվել
144 մլն դրամ (մոտ 374 հազար ԱՄՆ դոլար), որի մեջ մտնում է
աշխատավարձը, սոցվճարները, պետական բյուջե գանձվող եկամտահարկի
գումարը:
Ստուգումները ցույց են տվել նաեւ, որ բացակայում է բժշկական
հսկողությունը: Պարզվել է նաեւ, որ կազմակերպություններից մեկում
24 վարորդներից միայն 4-ն ունեն պատշաճ փաստաթղթեր, իսկ
կազմակերպություններից մեկն էլ շուրջ մեկ տարի գործում է առանց
արտոնագրի:
Արդյունքում ոչ միայն խախտվել է վարորդների աշխատանքային
իրավունքը, այլեւ չի ապահովվել ուղեւորների անվտանգությունը,- ասաց
Ա.Հարությունյանը: Նա հույս հայտնեց, որ Աշխատանքի պետական
տեսչությունը ուսումնասիրություններ կանցկացնի տվյալ բնագավառում
գործող ավելի խոշոր ընկերություններում անկախ այն բանից, թե ով է
դրանց սեփականատերը, կամ ով է նրանց թիկունքում կանգնած: