Առաջին անգամ ՏՏ ոլորտում նախագահական մրցանակներ հանձնվեցին<br /> սփյուռքահայ ուսանողներին<br />


Առաջին անգամ ՏՏ ոլորտում նախագահական մրցանակներ հանձնվեցին
սփյուռքահայ ուսանողներին

  • 02-10-2009 18:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ 2009 թվականից ՀՀ նախագահի ՏՏ ոլորտի կրթական ամենամյա մրցանակաբաշխությունը ներառեց լավագույն սփյուռքահայ ուսանող անվանակարգը: Առաջինը մրցանակների արժանացան Երեւանի պետական համալսարանի իրանահայ ուսանող Արադա Մալեկյանը (1-ին կարգ) եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի իրաքահայ ուսանողուհի Վարթան Մարալ Գնունին (2-րդ կարգ): Նրանք 5-րդ մրցանակաբաշխության հաղթող 23 ուսանողների եւ 7 աշակերտների թվում էին: Օրերս ՀՀ նախագահի նստավայրում անցկացված պարգեւատրման արարողությանը սփյուռքահայ ուսանողներին կրթական պարգեւների շնորհումը կարեւորելով` ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց. «ՀՀ բնական ռեսուրսը ոչ միայն Հայաստանի, այլեւ Սփյուռքի մարդիկ են, որովհետեւ հայ ժողովուրդն է ամբողջությամբ հանդիսանում ազատ երկրի տերը, եւ ամբողջ հայ ժողովրդի գիտելիքները, փորձը, կարողությունը պետք օգտագործենք Հայաստանը զորացնելու, զարգացնելու համար»: «Լավագույն սփյուռքահայ ուսանող» անվանակարգում 1-ին կարգի մրցանակակիր Արադա Մալեկյանն իր գիտական ապագան տեսնում է Հայաստանում եւ ցանկանում ինչ-որ չափով ներդրում ունենալ Հայրենիքում գիտության զարգացման մեջ: ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին եւ աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւները շնորհվում են ըստ 2005թ. ապրիլին, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանությամբ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստորագրած համաձայնագրի: Արարողության ժամանակ «Սինոփսիս»-ի կորպորատիվ մարքեթինգի եւ ստրատեգիական շուկաների զարգացման գծով փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը նշեց, որ ՏՏ ոլորտում աչքի ընկած ուսանողները լինելու են Հայաստանի առաջընթացի իրական առաջնորդները: Նրա խոսքերով, «մենք պետք է Հայաստանում զարգացնենք հոյակապ ինժեներական ապագա եւ երկիրը կապենք մնացյալ աշխարհին համացանցի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով»: Իսկ ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն ասաց. «Ըստ էության, մենք ստեղծում ենք մեր ապագա տնտեսական, գիտակրթական, ինչու չէ` նաեւ քաղաքական գենոֆոնդը»: ՀՀ նախագահի ամենամյա կրթական մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է «Սինոփսիս Արմենիա»-ի կողմից: Մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2005թ, պարգեւ է շնորհվել ՏՏ ոլորտի 18 լավագույն ուսանողի եւ աշակերտի: 2006թ. նախագահական կրթական պարգեւի է արժանացել 19 ուսանող եւ աշակերտ: 2007թ. ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 148 թեկնածուից: Մրցանակ է ստացել են 27 ուսանող եւ աշակերտ, իսկ 2008թ.` 29 ուսանող եւ աշակերտ` 134 թեկնածուից: 2009թ. հաղթող 23 ուսանող եւ 7 աշակերտն ընտրվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի, Եվրոպական տարածաշրջանային ուսումնական ակադեմիայի, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի 50, ինչպես նաեւ Ա. Շահինյանի անվ. ֆիզիկա-մաթեմատիկական մասնագիտացած կրթահամալիրից, «Քվանտ», Անանիա Շիրակացու, ՀՊՃՀ-ի հենակետային վարժարաններից, Գյումրու «Ֆոտոն» եւ Վանաձորի «Էվրիկա» քոլեջների 60 թեկնածուներից: Պարգեւների հանձնման արարողությունից հետո մրցանակակիրներին, «Սինոփսիսի» եւ «Սինոփսիս Արմենիա»-ի ղեկավարությանն ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը Ռիչ Գոլդմանին պարգեւատրել է հատուկ մրցանակով` ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին շնորհվող ամենամյա կրթական պարգեւների մրցանակաբաշխության կայացման գործում նշանակալի ավանդի համար: Նշված մրցանակաբաշխությունը «Սինոփսիսի» շաբաթը Հայաստանում» ավանդական միջոցառումների շարքի (սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2) մասն է: Դրանց թվում էին նաեւ Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադայի եզրափակիչը, մրցանակաբաշխության եւ օլիմպիադայի հաղթողների ընդունելությունը, «Սինոփսիսի» համալսարանական ծրագրերի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունները, «Սինոփսիսի» նախագահ եւ գլխավոր գործառնական տնօրեն Չի-Ֆուն Չանի ու Ռ.Գոլդմանի դասախոսությունները համալսարաններում եւ «Դիջիթեք» ցուցահանդեսում: «Սինոփսիս» ընկերությունը էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտի համաշխարհային առաջատարն է, որը շուկային մատակարարում է կիսահաղորդիչների նախագծման, ստուգման եւ արտադրության համար անհրաժեշտ ծրագրային միջոցներ, մտավոր սեփականություն եւ ծառայություններ: «Սինոփսիս»-ը Հայաստանում գործունեությունը սկսել է 2004 թվականին: «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն «Սինոփսիսի» կարեւորագույն մասնաճյուղերց մեկն է եւ ունի 400-ից ավելի ճարտարագետ-աշխատակից:
Նոյյան տապան  -   Հասարակություն