2009թ.-ի 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի<br /> համեմատ Երեւանում 59,9 տոկոսով աճել են հանցագործության դեպքերը<br />


2009թ.-ի 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի
համեմատ Երեւանում 59,9 տոկոսով աճել են հանցագործության դեպքերը

  • 02-10-2009 16:26:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի առաջին 8 ամսվա ընթացքում Երեւանում գրանցվել է 4696 հանցագործություն, ինչ 1760 դեպքով կամ 59,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այս մասին լրագրողների հետ հոկտեմբերի 2-ի հանդիպմանը հայտնեց ՀՀ Ոստիկանության Երեւանի վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: Մայրաքաղաքում գրանցված դեպքերը կազմել են հանրապետությունում կատարված հանցագործությունների 49,8 տոկոսը` նախորդ տարվա 50,4-ի դիմաց, իսկ հանցավորության ինդեքսը յուրաքանչյուր 10 հազար բնակչի հաշվարկով կազմել է 42,6` հանրապետական 29,3-ի դիմաց: Հանցագործությունների աճը տեղի է ունեցել հիմնականում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների հաշվին, որոնց թիվն ավելացել է 836-ով, այդ թվում` 674-ով աճել են անձնական գույքի գողությունները, 62-ով` բնակարանային գողությունները, 10-ով` կողոպուտները: Աճել են նաեւ անձի դեմ ուղղված հանցագործությունները` 423-ով կամ 126 տոկոսով, այդ թվում` մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը` 159-ով: Երեւանի համայնքներից հանցագործությունների թվով «աչքի է ընկել» Կենտրոնը, որտեղ 550-ով աճել են հանցագործությունների դեպքերը` կողոպուտներ, գողություններ, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր: Կենտրոնից շատ ետ չի մնում նաեւ Արաբկիրի համայնքը: Ըստ Ն.Նազարյանի, 8 ամիսների ընթացքում հայտնաբերված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը ավելացել են 209-ով, իսկ իրացման փաստերը` 108-ով: Մասնավորապես, թմրանյութ պահելու եւ իրացնելու կասկածանքով Երեւանի վարչություն են բերման ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, որոնց բնակարանների խուզարկությամբ հայտնաբերվել են 302 գ ափիոն եւ 110 գ հաշիշ տեսակի թմրամիջոցներ: Ն.Նազարյանը անհանգստացնող համարեց Երեւանի գիշերային ակումբներում թմրամիջոցների տարածման փաստերը: Ըստ նրա, 23-ով կամ 60,5 տոկոսով աճել է զենք-զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերի թիվը: Հրազենով կատարված հանցագործությունների թիվը աճել է 8-ով: Առգրավվել կամ հանձնվել է բնակչության մոտ ապօրինաբար պահվող 267 միավոր հրազեն, այդ թվում` 41 ինքնաձիգ, 54 հրացան, 136 ատրճանակ, 3 գնդացիր եւ այլն: 243 դեպքով կամ 179 տոկոսով աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հայտնաբերման դեպքերը: Վարույթում գտնվող գործերով բացահայտումը աճել է ինչպես բոլոր հանցատեսակներով, այնպես էլ հետախուզության գծով: Աճել են ինչպես ծանր, այնպես էլ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, կազմելով 60,6 եւ 67,3 տոկոս: Դիտավորյալ սպանությունների բացահայտումը աճել է 23,4 տոկոսով եւ կազմել 68,4 տոկոս` նախորդ տարվա 8 ամիսների 45 տոկոսի դիմացղ Երեւանում գրանցվել է ավազակության դեպքերի նվազում. 8 ամիսների ընթացքում բացահայտվել է 26 դեպք, չբացահայտված է մնացել 32-ը, բացահայտման ցուցանիշը նվազել է եւ կազմել 44,8 տոկոս: Առավել հնչեղություն ստացած գործերից է հուլիսի 22-ին «ՎՏԲ-Հայաստան» բանկի Արաբկիրի մասնաճյուղում Վրաստանի 3 քաղաքացիների կողմից կատարված ավազակային հարձակումը, որը հաջորդ օրն իսկ բացահայտվել է: Հետագայում տեղեկություններ են ստացվել, որ նշված հանցախմբի կողմից ՀՀ տարածքում կատարվել են նաեւ մի շարք բնակարանային գողություններ: Եւս 13 հանցախմբեր կատարել են 56 կողոպուտներ, իսկ մեկ հանցավոր խումբ` շուրջ 140 բնակարանային գողություններ: Այդ հանցավոր խմբերը ձերբակալված են: Հասարակական վայրերում կատարվող հանցագործությունները աճել են 23-ով, ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 1109 քաղաքացի, որից 380-ը` հանցագործության կասկածանքով եւ 729-ը` վարչական իրավախախտումների համար: 2009թ.-ի առաջին 8 ամիսների տվյալներով, 48 դեպքով կամ 38,7 տոկոսով նվազել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները, իսկ նախկինում դատված անձանց կողմից կատարված հանցագործությունները աճել են 312-ով: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 542 հանցագործ, կամ 77-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Նոյյան տապան  -   Հասարակություն