Դոուն Շահբազյան-Սմիթ. Հայաստանից վերադառնալուն պես պետք է
զբաղվեմ Հավայան կղզիներւմ հայ համայնքի կազմակերպմամբ
25-09-2009 19:30:00 | Հայաստան | Հարցազրույցներ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Հարցազրույց ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած իրավաբանների
համահայկական առաջին համաժողովի մասնակից Դոուն Շահբազյան-Սմիթի
հետ
- Մի փոքր պատմեք Ձեր մասին. ովքե՞ր են Ձեր նախնիները:
- Բնակվում եմ Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքում:
Մասնագիտությամբ փաստաբան եմ: Ես միայն կիսով չափ եմ հայ` մորս
կողմից, որի ընտանիքը սերում է Թուրքիայի` Սիվասի մոտ գտնվող
Գուրուն տեղամասից: Տատս` Արշալույս Մինասյան Շահբազյանը, վեց տարի
թաքնվել է Սիրիայում, ապա տեղափոխվել է Բոստոն: Պապուս ընտանիքը
Ռումինիայում զբաղվում էր շապկագործությամբ եւ դրա վաճառքով:
Տասնյոթ տարեկան հասակում պապս տեղափախվեց ԱՄՆ: Տատս մահացավ, երբ
մայրս դեռ տասը տարեկան էր: Ես կրում եմ տատուս ազգանունը:
- Հավայում շա՞տ են հայերը, այստեղ կա՞ հայ համայնք:
- Համայնքը մեծ չէ, Հավայան կղզում բնակվում է շուրջ 100 հայ,
որոնցից շատերը ներգաղթել են Խորհրդային Հայաստանից: Շատ ուրախ
ենք, որ Ֆրանկ Լավոիեն ամուսնացել է հայուհու հետ: Նրանք այժմ
բնակվում են Հոնոլուլույում: Նա կարողացել է հասնել նրան, որ
Հավայում գիտեն Հայոց ցեղասպանության մասին, իսկ շուտով
Հոնոլուլույի կենտրոնական այգում կտեղադրվի խաչքար:
Հավայիներում դեռեւս չկա հայկական եկեղեցի: Շատ հայեր
այցելում են հունական եկեղեցի:
- Ինչպե՞ս եք կարողացել պահպանել հայի ոգին եւ կապը հայ
մշակույթի հետ:
- Իմ տանն ունեմ Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի
պատմության այլ դրվագների մասին պատմող շատ գրքեր ու
պատմություններ: Բաժանորդագրվել եմ Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում
հրատարակվող «Կալիֆորնիա Կուրիեր» թերթին, որպեսզի մշտապես
տեղեկանամ հայերի եւ նրանց հուզող խդիրների մասին: Նաեւ հայ
իրավաբանների միության անդամ եմ, որն ընգրկում է աշխարհի տարբեր
երկրների փաստաբանների, որոնց հետ հանդիպում ենք տարին երկու
անգամ: Իմ տանը հյուրընկալում եմ ԱՄՆ եկած հայ ուսանողների, իսկ
այժմ` Երեւանում հյուրընկալվել եմ Կարեն Սարկավագյանի տանը:
1997 թվականին ութ այլ հայերի հետ երեք շաբաթով մեկնեցինք
Արեւելյան Թուրքիա` այցելելու այն քաղաքները, որտեղ ապրել են մեր
ծնողներն ու պապերը: Դա հիանալի շրջագայություն էր, եւ մենք գտանք
որոշ ճամբորդների ընտանիքների պապենական տները: Քաղաքներից մեկում
տեղացի քրդերից մեկը մեզ հետ զրույցի ընթացքում ասաց, որ 1915
թվականից իր ընտանիքն ապրում է «Կարաբյանների տանը մինչեւ
Կարաբյանները կվերադառնան»: Ես, ցույց տալով Կարաբյան զույգերին,
ասացի, որ Կարաբյաններն արդեն վերադարձել են: Քրդերը խուճապի
մատնվեցին եւ խումբն արագորեն հեռացավ դեպի ավտոբուս` խուսափելով
անցանկալի վիճաբանությունից: Ինձ ապշեցրեց այն, որ այդ քուրդ
ընտանիքն ասաց, թե իրենք տունը թողել են նույն տեսքով, ինչպեսին
այն թողել էր հայ ընտանիքը 1915 թվականին: Հայերը շատ լավ տներ էին
կառուցել, եւ այդ տները բավական լավ էին պահպանված:
2004 թվականին որոշեցի սցենար գրել: Գրեցի մի
կատակերգություն, որի հերոսն էր թուրքական բանտում մեծացած եւ
հայերեն խոսող Դրակուլան: Միտումնավոր անդրադարձա կատակերգության
ժանրին, որպեսզի էլ ավելի չծանրացնեմ առանց այն էլ ծանր թեման եւ
որպեսզի ակնդիրը հաճույքով նայի, բայց եւ տեղեկանա իրականությանը:
Ֆիլմը պատմում է, թե ինչպես Դրակուլան երկու հայ որբերի օգնում է
գտնել Հոնոլուլույում գտնվող իրենց հորեղբորը: Սցենարը ֆիլմի
վերածելու համար հաճախեցի օպերատորական դասընթացների: Սովորեցի
նաեւ մոնտաժել, եւ շուտով ֆիլմը նկարահանվեց եւ ցուցադրվեց Հավայիի
հեռուստատեսությամբ: Տեղական «Univision» հեռուստաընկերությունն
այն ցուցադրեց երկու տարի շարունակ: Ցավոք, ֆիլմը դիտողներից
շատերն այդպես էլ չհասկացան, որ այն ներկայացնում էր հայոց
պատմությունը, Հայաստանը: Նրանք կարծում էին, թե դա ընդամենը
Դրակուլայի մասին պատմող կատակերգություն էր:
Շուտով կավարտեմ իմ երկրորդ ֆիլմը, որում կա փոքրիկ դատի
տեսարան, ուր Դրակուլան ապահովագրական ընկերությունից պաշտպանում է
հայ որբ երեխաներին:
- Իսկ ինչպիսի՞ն Ձեզ նարկայացավ Հայաստանը:
- Սա իմ առաջին այցն է Հայաստան եւ պետք է խոստովանեմ` չափազանց
հուզիչ է: Ցավոք, դեռեւս չեմ խոսում հայերեն: Այստեղ բոլորը չափազանց
հյուրասեր են: Սեպտեմբերի 19-21-ն ինձ բախտ վիճակվեց մասնակցել ՀՀ
սփյուռքի նախարարության կաղմակերպած իրավաբանների համահայկական
առաջին համաժողովին: Սա հիանալի համաժողով էր եւ շնորհակալություն
եմ հայտնում Սփյուռքի նախարարությանը` այսպիսի համակողմանի ծրագիր
իրականացնելու համար: Անչափ տպավորված եմ եւ հետաքրքիր է այն, որ ես
Հայաստանը տեսա սփյուռքի նախարարության աչքերով:
Այստեղ, սփյուռքի նախարարությունում, ծանոթացա ԱՄՆ-ում
հայկական համայնքների հարցերով զբաղվող Գայանեի հետ: Նրա միջոցով
եւ միջնորդությամբ ես պետք է զբաղվեմ Հավայիյում հայ համայնքի
կազմակերպմամբ, ինչպես նաեւ` կարելի է ասել, դառնամ հայ համայնքի
ղեկավար: Սա ինձ կօգնի շատ ավելի դյուրին համախմբել համայնքը եւ
զբաղվել համայնքին հուզող խնդիրներով, քաջալերել Հավայիյում
բնակվող հայերին եւ ընդգրկել նրանց հայամետ գործունեություններում:
- Ի՞նչ այլ ծրագրեր ունեք:
- Մենք ուզում ենք քաջալերել Քիմ Քարդաշյանին, որպեսզի նա
երեք օրով գա Հայաստան: Նա ԱՄՆ-ում ունի շատ հանրահայտ շոու եւ
Փերիս Հիլթընից հետո ճանաչվել է Ամերիկայի ամենահայտնի
հեռուստադեմքերից մեկը: Շատ կցանցանայի կապ հաստատել նրա
հեռուստահաղորդման հովանավորների հետ եւ օգնել նրան կազմակերպել
ճանապարհորդությունը Հայաստան եւ այն ցուցադրել ԱՄՆ-ի
հեռուստաընկերություններով: Կարծում եմ, սա կխթանի Հայաստանում
զբոսաշրջության զարգացմանը եւ Ամերիկայում ապրող շատ ու շատ
երիտասարդների (ովքեր հետզհետե կորցնում են հետաքրքրությունը
Հայաստանի եւ հայերի նկատմամբ) կիրազեկի Հայաստանի եւ հայերի
մասին:
ՐԱՖՖԻ Ն.Մ.