«Կիլիկիա» առագաստանավ. եզակի մշակութային արժեքը կորստի<br /> շեմին է<br />


 

«Կիլիկիա» առագաստանավ. եզակի մշակութային արժեքը կորստի
շեմին է

  • 18-09-2009 17:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
 ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Կիլիկիա» առագաստանավը, որը մի քանի տարի առաջ դարձավ Հայաստանի նոր այցեքարտը աշխարհի առջեւ, նոր վկայություն մեր հնադարյան մշակութային ժառանգության մասին, կարող է հայտնվել քայքայման եզրին եւ ոչնչանալ: Այդ մասին հայտնեց առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը: Շուրջ քառորդ դար առաջ մի խումբ երիտասարդ էնտուզիաստներ համախմբվեցին սկզբնապես անիրականանալի թվացող մի գաղափարի շուրջ` հետազոտելով Հայաստանի նավագնացության երբեմնի ավանդույթները, կառուցել առագաստանավ եւ ջրարկել Եվրոպայի շուրջ` Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկյան Հայաստանի դրոշների ներքո: Որքան անիրականալի էր թվում այդ գաղափարն այն ժամանակ, այսօր, տասնամյակներ անց, նույնքան անհավատալի է թվում, որ այդ գեղեցիկ նախաձեռնության մարմնավորումը` «Կիլիկիա» առագաստանավը, կհայտնվի քայքայման եզրին: Առագաստանավի «կենսագրության» հիմնական հանգրվաններն են. 1. 1985թ ստեղծվեց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը (Այասը Կիլիկյան Հայաստանի 25 նավահանգիստներից ամենամեծն էր): 2. Ակումբի անդամները վեց տարվա ընթացքում անցկացրեցին մանրակրկիտ հետազոտական աշխատանքներ, որպեսզի պարզեն Կիլիկիայի նավաշինարարների գաղտնիքները: 3. Սկսվեց նավի կառուցումը, որ տեւեց 11 տարի: 4. Անցկացվեցին նավի փորձարկումներ` ինչը տեւեց եւս երկու տարի: 5. Երեք տարի առագաստանավը նավարկում էր, այդ թվում Եվրոպայի շուրջ: 6. Առագաստանավը մատնվել է մոռացության` նույնպես երեք տարի: Ինչպես նշեց Կարեն Բալայանը, իրենց հետազոտությունների հիմնական աղբյուրը Մատենադարանն էր, այնտեղ պահվող հարուստ գրականության շնորհիվ ուսումնաիրվեց ոչ միայն հայ նավագնացության, նավաշինության պատմությունը, այլեւ հարակից գիտությունները` քարտեզագրություն, գերբաբանություն, ստորջրյա հնագիտություն, հնագիտություն ընդհանրապես, դրոշների պատմություն: Նավապետը վստահ է, որ հայերը թեեւ լեռնաբնակ ժողովուրդ են, սակայն ունեն ծովային մտածելակերպ, եւ ժողովրդի մշտական կապը ծովի հետ երբեք չի ընդհատվել` ծովային փառավոր անցյալի մասին են վկայում բազմաթիվ գրավոր աղբյուրները, Պատմության պետական թանգարանում ցուցադրվող գտածոները, ինչպես նաեւ ոչ վաղ անցյալը` հայ ժողովուրդը բազմաթիվ ականավոր ծովայիններ է տվել, այդ թվում` նաեւ ծովակալներ: Կարեն Բալայանը պատահական չի համարում հայերի երազանքը «ծովից ծով» Հայաստանի մասին: «Կիլիկիա» առագաստանավն էլ, որը 12-13 դարերի կիլիկիական առեւտրական առագաստանավի կրկնօրինակն էր, վերականգնված է ձեռագրերից քաղված տվյալների հիման վրա: Ընդ որում, հայ «արգոնավորդները» առագաստանավը ստեղծելիս աշխատել են հնարավորինս հարազատ մնալ միջնադարյան մոդելին, պահպանելով նավի կառուցման միջնադարյան տեխնոլոգիաները, անգամ, օգտագործել Կիլիկյան Հայաստանում նավաշինության մեջ օգտագործվող փայտի տեսակները` կաղնին եւ սոճին: Առագաստանավի կառուցումը սկսվեց 1991թ., 2002թ. մայիսի 25-ին նավը բարեհաջող ջրարկվեց Սեւանա լճում, որտեղ եւ փորձարկվեց երկու սեզոնի ընթացքում: Նավի կառուցման համար մեծ միջոցներ ծախսվեցին. սկզբում դրանք էնտուզիաստ կառուցողների սեփական միջոցներն էին, երբ դրանք սպառվեցին, օգնության հասան մարդիկ, որոնք հավատացին ծրագրին, երբ այն դեռեւս թղթի վրա էր: Բալայանն առաջին հերթին նշեց Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների կոնստրուկտորական բյուրոյի տնօրեն եւ ինստիտուտի տնօրեն Հովնան Հունանյանին եւ Ալբիկ Մկրտչյանին (Կ.Բալայանն իր գիտական մկրտությունը ստացել է այդ ինստիտուտում): Օժանդակեցին նաեւ այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, միջոցներ տրամադրեց նաեւ «Կիլիկիա» գարեջրի գործարանը: 2004թ. նավը տեղափոխվեց Սեւ ծով, 2004-2005-2006թթ. միջնադարյան առեւտրական ուղիներով եռափուլ ճամփորդության ընթացքում նավագնացության պատմության մեջ առաջին անգամ «Կիլիկիա»-ն, «օղակ արեց» Եվրոպայի շուրջ, այցելեց 25 երկրներ եւ 62 նավահանգիստներ, նրա միջոցով շատերը ճանաչեցին Հայաստանը: Արդյունքում, «Կիլիկիա» առագաստանավը եւ «Այաս» ակումբը միջազգային համբավ ձեռք բերեցին. նավագնացության եւ նավաշինության հարցերով զբաղվող հայտնի արտասահմանցի գիտնականները այսօր իրենց հայ գործընկերներից խորհուրդներ են հարցնում: «Այաս»-ը 1994թ.-ից պարբերաբար մասնակցում է Ստորջրյա հնագիտական եւ ծովային պատմության միջազգային կոնֆերանսներին: «Այաս»-ի եւ «Կիլիկիա»-ի ղեկավարը հրավիրվել է մասնակցելու ընթացիկ հոկտեմբերին Ստամբուլում անցկացվելիք կոնֆերանսի աշխատանքներին: Այսքանով հանդերձ, Բալայանը ցավով հավելեց, որ այսքան հաղթանակներ բերած ու արդեն յուրօրինակ լեգենդ դարձած «Կիլիկիա»-ն այսօր քայքայման եզրին է: Նավը չունի ծածկված տարածք, կորպուսը քայքայվում է անձրեւից, ձյունից ու արեւից, այն մինչեւ այժմ կայանվում էր Աղի հանքի տարածքում, ապա տեղափոխվել է Էջմիածին, հետո` Սպիտակ: «Այաս» ակումբի գործունեության տրամաբանական շարունակությունն է, ըստ նավապետի, Հայաստանում Ծովային թանգարանի հիմնումը, դա նաեւ «Կիլիկիա»-ն անվերադարձ կործանումից փրկելու միակ ճանապարհն է: Թանգարանում կցուցադրվեն ոչ միայն «Կիլիկիա»-ն, այլեւ քառորդդարյա ուսումնասիրությունների արդյունքները` հնագիտական նյութեր, կառուցված մոդելներ, քարտեզների, դրոշների հավաքածու, շատ այլ ցուցանմուշներ: «Երբ մեր պատմական հուշարձանները արտերկրում ջարդվում, քանդվում են, ահազանգում ենք, միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում, բայց մեր թեւի տակ գտնվող անչափ արժեքավոր նավը չենք կարողանում պահպանել»,- ասաց Կարեն Բալայանը, համոզմունք հայտնելով, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է պետական մոտեցում:
Նոյյան տապան  -   Հասարակություն