Թուրքիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը կքննարկի նաեւ հայ-թուրքական հարաբերությունները
15-07-2011 12:16:04 | ԱՄՆ | Միջազգային
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Թուրքիա այցի ընթացքում կքննարկվեն նաեւ հայ-թուրքական հարաբերությունները: Այս մասին, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքի, նշվել է հուլիսի 14-ին Թուրքիայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Բանակցությունների առաջին փուլում Քլինթոնը թուրք պաշտոնյաների հետ կքննարկի լիբիական հարցը, երկրորդ փուլում տեղի կունենա կարծիքների փոխանակում երկկողմանի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Քլինթոնը կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, վարչապետ Ռեջեփ Էրդողանին եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին: Ըստ Պետդեպարտամենտի, նախատեսվում է Վաշինգտոնին հուզող մի շարք կարեւոր հարցերի քննարկում. «Իրաքի կառավարության կազմավորումը, իրադրությունը Կովկասում, ինչպես նաեւ բանակցություններ՝ կապված Հայաստանի, Կիպրոսի եւ Բալկանների հետ»: