«Մենք երջանիկ ենք, որ ունենք ծննդավայր Վրաստան եւ հայրենիք<br /> Հայաստան»,- ասում է Թբիլիսիի հայկական թատրոնի ղեկավարը<br />


«Մենք երջանիկ ենք, որ ունենք ծննդավայր Վրաստան եւ հայրենիք
Հայաստան»,- ասում է Թբիլիսիի հայկական թատրոնի ղեկավարը

  • 29-07-2009 20:18:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հուլիսի 31-ին կավարտվեն Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը Երեւանում: Այս անգամ ադամյանցիները երեւանյան հանդիսատեսին ներկայացրին Սայաթ-Նովայի ստեղծագործությունների մոտիվներով արված «Աշխարհումըս իմըն դուն իս», Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», Հ.Պարոնյանի «Պաղտասար Ախպար», Գ.Խանջյանի «Ավերակների պահակները» եւ Ռ.Կունիի «Փախիր կնոջիցդ» բեմադրությունները: «Մենք երջանիկ ենք, որ ունենք ծննդավայր Վրաստան եւ հայրենիք Հայաստան»,- հուլիսի 29-ի ասուլիսում հայտարարեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը: Նա նշեց, որ հյուրախաղերի կազմակերպման հարցում համագործակցել են Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարությունները, աջակցել է նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարությունը: Ըստ Ա.Բայանդուրյանի, 153-ամյա թատրոնի կյանքում սկսվել է նոր փուլ. երիտասարդների նոր սերունդ է եկել թատրոն, որն իր հետ բերել է նաեւ երիտասարդ հանդիսատես: Անդրադառնալով թատրոնի խնդիրներին, գեղարվեստական ղեկավարը նշեց, որ լավ կլիներ, եթե թատրոնի դերասաններին շնորհվեին Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ, քանի որ ներկայումս Վրաստանը չունի այդ կոչումները, իսկ Թբիլիսիի հայկական թատրոնը ծառայում է հայ գրականության եւ հայ լեզվի պահպանմանը: Ի դեպ, ԽՍՀՄ-ի օրոք Թբիլիսիի հայկական թարոնի անվանի շատ դերասաններ արժանացել են նաեւ ՀՀ ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչման: Մեկ այլ խնդրի անդրադարձավ թատրոնի տնօրեն Ֆելիքս Խաչատրյանթ: Ըստ նրա, այսօր թատրոնի շենքը գտնվում է վատ պայմաններում եւ վերանորոգման կարիք ունի:
Նոյյան տապան  -   Մշակույթ