Իրանից հայերի ներկայիս արտագաղթը թուլացնում է համայնքը,-<br /> վկայում է իրանահայ ճարտարապետ Վարուժան Առաքելյանը<br />


Իրանից հայերի ներկայիս արտագաղթը թուլացնում է համայնքը,-
վկայում է իրանահայ ճարտարապետ Վարուժան Առաքելյանը

  • 22-06-2009 15:30:00   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 Իրանահայ ճարտարապետ Վարուժան Առաքելյանը ծնվել է 1934 թվականին Թավրիզում: Պատանեկան տարիքից անդամակցել է ամենատարբեր հասարակական, խմբակցային եւ գրադարանային կազմակերպությունների, եղել է Թավրիզի ազգային տարբեր մարմինների անդամ եւ նախագահ: Հայ ճարտարապետների միության փոխնախագահն է: Ակտիվորեն մասնակցում է Իրանի տարածքում իրականացվող հայ մշակութային կոթողների վերականգնողական եւ վերանորոգման աշխատանքներին: «Հայերն Այսօր» էլեկտրոնային թերթի հետ ունեցած հարցազրույցում Վարուժան Առաքելյանը ներկայացրեց որոշ մանրամասներ` կապված իրանահայ համայնքի ներկայիս իրավիճակին: - Պարոն Առաքելյան, ինչպե՞ս կբնութագրեք իրանահայ համայնքը: Ի՞նչ խնդիրներ ունի հայկական գաղութը: - Իրանահայ գաղութը շատ հին է, դարերի պատմություն ունի, ուստի դժվար է այն Սփյուռք հասկացության մեջ «տեղավորել», քանի որ Սփյոռքը, որպես այդպիսին, ձեւավորվել է հատկապես Մեծ եղեռնից հետո: Իսկ Նոր Ջուղայի եւ Ատրպատականի պատմությանն անդրադարձել է դեռեւս պատմիչ Առաքել Դավրիժեցին: Նշեմ նաեւ, որ սկզբում այդ տարածքները միանգամայն հայաբնակ էին: Նախկինում հայ համայնքն իրեն ամենեւին էլ ազգային փոքրամասնություն չէր զգում, քանի որ բավական մեծ էր եւ ամուր, սակայն վերջին երկու տասնամյակներում իրավիճակը լիովին փոխվեց: Նախկին ուժեղ համայնքը թուլացավ հատկապես մեծ ծավալների հասնող արտագաղթի պատճառով: Համայնքն այսօր, իհարկե, ունի ե'ւ խնդիրներ, ե'ւ դժավարություններ, սակայն հիմնական մտահոգությունն արտագաղթն է: Արտագաղթը (առավելեւս, որ չափազանց պակասել է նաեւ ծնելիությունը) բավական բացասաբար է անդրադառնում ինչպես համայնքի մեծության (որից էլ, հասկանալի է, թուլանում է նրա սոցիալական, քաղաքական ամրությունը), այնպես էլ հզորության վրա: Ներկայիս արտագաղթը դեպի ԱՄՆ, Եվրոպա, Կանադա եւ այլուր բավական վատ է անդրադառնում հատկապես մնացողների վրա: Ստեղծված վիճակն ազդում է գաղութի թե' հասարակական, թե' միութենական կյանքի, թե' բարեգործական կազմակերպությունների, համալսարանական միությունների եւ այլ կառույցների վրա: - Որպես քաղաքաշինարար եւ ճարտարապետ, ինչպե՞ս կգնահատեք Իրանի տարածքում առկա հայ պատմամշակութային կոթողների, հուշարձանների վիճակն ու դրանց պահպանությունը: Արդյո՞ք, ոչ քրիստոնյա երկրում դրանք չեն պղծվում կամ ոչնչացվում: - Պարսկաստանը հազարամյակներ եղել է մշակույթի օրրան եւ ազատ երկիր կրոնական ու տարբեր դավանանքների համար: Պատմությունը գալիս է վկայելու, որ հայերն այստեղ ապրել են ոչ թե որպես եկվորներ, այլ բնիկներ` իրենց բոլոր իրավունքներով: Թերեւս այս է պատճառը, որ դժվար է իրանահայությանն ընդգրկել «Սփյուռք» եզրագծում: Հայերը, կարելի է ասել, իր բնօրրանում ապրել են դարեր ի վեր, որի կենդանի վկաներն են այս տարածքի հարյուրավոր հուշահամալիրներն ու կոթողները` որպես հայ ժողովրդի մշակութային ժառանգություն: Այստեղ հուշակոթողները պահվում եւ պահպանվում, ինչպես նաեւ վերանորոգվում են Իրանի իշխանությունների բարեխնամ վերաբերմունքի արդյունքում, եւ պատահական չէ, որ երկար տարիների համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ 2008 թվականի հունիսին Կանադայի Քվեբեք քաղաքում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովում հայ պատմական երկու վանքեր` սրբ. Թադեն ու սրբ.Ստեփանոսը եւ Ծոր-Ծորի սրբ. Աստվածածին եկեղեցին հարակից յոթ կառույցներով, ներառյալ Տղմուտի եւ Արաքսի հատման կետում հայկական Դարաշամբ բնակավայրի ավերակները, գյուղի եկեղեցին, գերեզմանատունը եւ այլ մատուռներ, հաստատագրել որպես միջազգային արժեք ներկայացնող հուշակոթողներ: Իրականում Իրանի Իսլամական Հանրապետությունը բավական ազատ երկիր է դավանական եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առումով, դրա վառ ապացույցներից է այն, որ մենք` հայերս, մեծ շուքով նշում ենք սբ.Վարդանանց տոնը, որն, ինչպես գիտենք, փառաբանում է հայերի հաղթանակն ընդդեմ Սասանյան Պարսկաստանի: - Բազմիցս լսել եմ Իրանի տարբեր հայկական սրբավայրերում կազմակերպվող եւ իրականացվող ուխտագնացությունների մասին: Ինչպե՞ս են դրանք կազմակերպվում: - Ուխտագնացությունը որպես այդպիսին սկիզբ է առել է 1954 թվականին` ճիշտ 55 տարի առաջ: Այն առանձնապես մարդաշատ էր հատկապես քրիստոնեության 1700-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Կազմակերպվեց մեծ տոնախմբություն: Այս ուխտագնացությունների հիմնական նպատակը, թերեւս, հայ սրբավայրերն անընդհատ ուշադրության կենտրոնում պահելն է եւ հայ երիտասարդությանը հայկական մշակույթին ու հատկապս հոգեւոր մշակույթին հաղորդակից դարձնելն է: - Պարոն Առաքելյան, իսկ ինչպիսի՞նն եք տեսնում Երեւանում իրականացվող շինարարության ճարտարապետական լուծումները: Ի՞նչ կասեք ժամանակակից հայ ճարտարապետության մասին: - Խախտումներն անտանելի շատ են, բավական խաթարվել է մայրաքաղաքի դեմքը, վնասվել է մայրաքաղաքի սրտի` հրապարակի, պանորաման: Չգիտեմ ո՞վ եւ ինչո՞ւ է անտեսել, թվում է, ամենատարրական քաղաքաշինական նորմերը, սակայն այսօր դրանք վերականգնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու, քան, եթե դրանք արված չլինեին: Սա, թերեւս վկայում է քաղաքաշինական օրենքների կամ բացակայության, կամ դրանց անլիարժեք կամ գոնե թերի լինելու մասին: Ասեմ, որ նման բնույթի եւ քանակության քաղաքաշինական նորմերի խախտումներ աշխարհի եւ ոչ մի երկրում հնարավոր չէ տեսնել: Նորակառույց թաղամասերում չեն պահպանված ինչպես քաղաքաշինական, այնպես էլ շինարարական նորմերը, հաշվի չեն առնված մարդու բարեկեցության համար անհրաժեշտ անհատական պահանջները: Հասկանալի է, որ միանգամից ամեն ինչ հնարավոր չէ շտկել եւ, բնականաբար, այլ երկրներում, ասնեք, ԱՄՆ-ում, գործող օրենքներն այստեղ միանգամից ներդնել չենք կարող: Բայց անպայման պետք է վերանայել նորմերը, հստակեցնել դրանք ու իրականացնել: Երեւանն այսօր, կարելի է ասել, խեղդվում է, քանի որ սարսափելի պակասել են կանաչ տարածքները: ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ զրույցում խոսեցինք քաղաքի շահադիտական դրվածքի, շենքերի դասավորության մասին: - Ի՞նչ կասեիք ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված ճարտարապետների համահայկական հավաքի մասին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հավաքից: - Կարծում եմ, նախ պետք է շնորհավորել նորաստեղծ այս կառույցի` ՀՀ սփյուռքի նախարարության կազմավորումը, քանի որ մինչ այդ այն կոմիտեի կարգավիճակ ուներ, իակ այժմ արդեն նախարարություն է: Ուրախ ենք նաեւ, որ Սփյուռքի համար այսքան կարեւոր կառույցի ղեկավար է նշանակվել այսքան հմուտ, բանիմաց եւ խելացի մեկը` տիկին Հակոբյանը: Կարծում եմ, սփյուռքի նախարարության հիմնական խնդիրը հայության տունդարձն է, նրանց վերադարձը Հայրենիք` «վերադարձ դեպի Հայրենիք» կարգախոսով: Չմոռանանք Սիլվա Կապուտիկյանի խոսքերը «Ո՞ւմ ենք թողնում մեր շիրիմները եւ գնում»: Նորից նոր-նոր գաղութներ են ստեղծվում, մենք չպետք է մեր ունեցածը թողնենք ուրիշներին ու գնանք ուրիշների սարքածի վրա: Կարծում եմ, այս` ճարտարապետների համահայկական հավաքը, կարեւոր նշանակություն ունեցավ աշխարհի հայ ճարտարապետներին համախմբելու, ինչու չէ` նաեւ ծանոթացնելու եւ բարեկամացնելու գործում: Այս հավաքի ամենակարեւոր ձեռքբերումն այն էր, որ ստեղծվեց ճարտարապետների համահայկական միություն: Եթե այս միությունն իրականում գործի ու հստակ կատարի իր առաքելությունը, վստահ եմ, շատ բաներ իրենց դրական լուծումը կստանան: ՐԱՖՖԻ Ն.Մ.
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ