Շուշիում կանցկացվի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը
16-07-2011 14:04:39 | Հայաստան | Մշակույթ
Շուշիում հուլիսի 15-29-ը կանցկացվի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը: Այս առթիվ Հայաստան ժամանած իտալացի քանդակագործները հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը կիսվեցին իրենց տպավորություններով: Ըստ քանդակագործների,Հայաստանում յուրաքանչյուր քար ունի իր պատմությունը:
Նախաձեռնության հեղինակ` Ֆլորենցիայում բնակվող հայ քանդակագործ Վիգեն Ավետիսն հայ-իտալական մշակութային հավաքը կարեւորեց հատկապես 2 տեսանկյունից. այն, որ Արցախը որպես Հանրապետություն միջազգային հանրությանն է ներկայանում եւ երկրորդ` տարիների ընթացքում Շուշին կզարդարեն համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների գործերը:
Պրոֆեսոր Լուչանո Պրետիի համար Շուշիի հանդիպումը պատմական իրադարձություն է: Նա հույս հայտնեց, որ այն կվերածվի շարունակական երկխոսության: «Ես այստեղ գտա պատմություն, հոգեւորականություն եւ ավանդույթներ: Շուշիում կտրելով ու մշակելով քարերը, կհայտնաբերենք ստեղծագործական նոր վիճակ»,- ասաց Լ.Պրետին:
Պրոֆեսոր, գրող եւ նկարիչ Ռոբերտո Ջովանելին էլ նշեց, որ արվեստագետի ուղերձը ազատության ուղերձ է, եւ այն ինչ կատարվում է այս հրաշք քաղաքում, շատ խիզախ նախաձեռնություն է: Նա գտնում է, որ այս ճանապարհը լինելու է արկածային, որը ներառելու է արվեստի բոլոր ճյուղերը` ճարտարապետություն, կերպարվեստ եւ քանդակագործություն:
Նշենք, որ սիմպոզիումն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ, Արցախի Հանրապետւթյան մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Եւ Շուշիի քաղաքապետարանի աջակցությամբ եւ «Նարեկացի» արվեստի միության անմիջական մասնակցությամբ: Սիմպոզիումին մասնակցում են Ֆլորենցիայի պետական համալսարանի պրոֆեսորներ, քանդակագործներ Կարոլիա Ջովաննելին, Մադդալեն Ջովաննելին, Լուիզա Մորոնին: Սիմպոզիումին պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի Հռոմի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Ջեռարդո Լո Ռոսսոն:
Սիմպոզիումի նպատակն է ստեղծել քանդակներ, որի արդյունքում 15 արվեստագետներից յուրաքանչյուրը ազատ թեմայով Շուշվա կրաքարից կկերտի իր քանդակը եւ կնվիրի քաղաքին: