Աբաս Քիառոսթամի. «Մեկ կինոթատրոն ունեցող մայրաքաղաքում նման հանդիսատես ունենալը ուղղակի հրաշք է»
16-07-2011 15:39:03 | Հայաստան | Մշակույթ
«Տպավորությունս այն է, որ երեւանցիները կինոյի հետ շատ կապ չունեն եւ կինոթատրոն շատ չեն գնում: Կինոփառատոնների իմաստը հենց այն է, որ մարդկանց հետաքրքրեն կինոյով եւ նրանց կինո գնալու մղեն: Ու այդ կրակը միշտ պետք է վառ մնա, ոչ թե մի առիթով լուսավառվի եւ հետո նորից մարի: Փառատոնի հաջողությունը հենց դրանում կլինի: Փառատոնի գնահատողը հենց հանդիսատեսն է»,- հուլիսի 14-ի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց իրանցի կինոռեժիսոր Աբաս Քիառոսթամին:
Հուլիսի 10-ին նրա 2010թ. Կաննի մրցանակակիր «Վավերացված պատճեն» ֆիլմի ցուցադրությամբ կայացավ «Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի բացումը: Ինչպես նշում է Ա.Քիառոսթամին, իմ ֆիլմի դիտման ժամանակ նկատել է, որ հանդիսատեսը շատ համբերատար է եւ ուշադիր: «Մի մայրաքաղաքում, որն ունի մեկ կինոթատրոն, այսպիսի հանդիսատես ունենալն ուղղակի հրաշք է»,- հավելեց նա:
Ռեժիսորը նշեց, որ իր բոլոր ֆիլմերում կարմիր թելի պես ձգվում է թյուրըմբռնման գաղափարը, բայց սա ռեժիսորական հնարք չէ եւ ստացվել է անգիտակցաբար: Ըստ նրա, թյուրըմբռնումը կարել է 2000-ականների ամենամեծ հիվանդություն համարել, ինչն էլ վախի պատճառ է դառնում:
Անդրադառնալով «Վավերացված պատճեն» ֆիլմին՝ ռեժիսորն ասաց, որ իր համար բնօրինակն ու պատճենը ուղղակի պատրվակ եւ հիմք են տղամարդ-կին հարաբերությունների մասին խոսելու համար: «Իմ երկու հերոսներն էլ թե օրիգինալ էին, եւ թե պատճեն: Իրականում բնօրինակ գոյություն չի ունենա, եթե մարդիկ իրար որպես բնօրինակի չնայեն»,- հայտարարեց նա:
Իրանական կինոյի վերջին շրջանի հաջողությունների պատճառները, ըստ Ա.Քիառոսթամիի, շատ են՝ այժմ լավ ռեժիսորներ ունեն, ովքեր, չնայած դժվարություններին, մշտապես աշխատում են, բացի այդ Իրանում ամերիկյան ֆիլմեր ցույց չեն տալիս եւ իրանցի հանդիսատեսը կինոթատրոն է գնում պարսկական ֆիլմ դիտելու համար, նաեւ Իրանի քաղաքական իրավիճակն է աշխարհում համընդանուր հետաքրքրություն առաջացրել, եւ մարդիկ ուզում են Իրանի մասին ինչ-որ բան իմանալ պարսկական կինոյից:
«Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը խոստովանեց, որ դեռեւս 1993թ. Թեհրանում, երբ առաջին անգամ դիտել է Ա.Քիառոսթամիի ֆիլմը, սիրահարվել է այդ ռեժիսորին եւ միշտ ցանկացել է նրան տեսնել Հայաստանում: «Այսօր մենք նրան ոչ միայն տեսնելու, այլեւ լսելու հնարավորություն ունենք»,- կարեւորեց Մ.Ստամբոլցյանը:
Նշենք, որ այժմ ռեժիսորը երկու տղամարդու եւ կնոջ միջեւ սիրային եռանկյունու ֆիլմ է նկարահանում Ճապոնիայում:
Անի Ռափյան