Հայաստանի ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում սկսվել է 2008թ.-ի<br /> պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի քննարկումը<br />


Հայաստանի ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում սկսվել է 2008թ.-ի
պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի քննարկումը

  • 29-05-2009 15:34:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների մայիսի 29-ի համատեղ նիստում սկսվեցին «Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախագծի նախնական քննարկումները: ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, մասնավորապես, նշվեց, որ 2008թ.-ին, համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում, Հայաստանի տնտեսությունում արձանագրվեց 6,8% աճ, ինչը ծրագրային ցուցանիշին զիջում է 3,2%-ով: Հաջողվեց ապահովել հարկային եկամուտների (ներառյալ տուրքերը) սահմանված թիրախը` 621,1 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 17%: Պահպանվեց գնաճի ծրագրային մակարդակը` 4+/-1,5%` տարեվերջին կազմելով 5,2%: ՀՆԱ-ի դեֆլյատորը կազմել է 8,5%: Արդյունքում, 2008թ.-ին ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 3 650 մլրդ դրամ, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն` 1 մլն 128 հազար 600 դրամ կամ 3 689 ԱՄՆ դոլար: 2008թ.-ին գրանցվել է պետբյուջեի եկամուտների աճ` հարկային եւ ոչ հարկային եկամուտների գծով: Եկամուտները եւ պաշտոնական տրանսֆերտները կազմել են 785,4 մլրդ դրամ, ինչը ճշգրտված ծրագրային ցուցանիշի 97,7%-ն է: Ընդհանուր եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են 21,5%` նախատեսված 21,2%-ի փոխարեն: Ծախսերը կազմել են 810,6 մլրդ դրամ` նախատեսված շուրջ 861 մլրդ դրամի դիմաց, կատարողականը կազմել է 94,2%, կամ ՀՆԱ-ի 22,2%-ը: Ընդհանուր եկամուտների եւ ծախսերի ճշգրտված ծրագրային ցուցանիշների թերակատարումը հիմնականում պայմանավորված է արտաքին աղբյուրներից նախատեսված միջոցների թերստացմամբ: Պետբյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 0,7%-ը` ծրագրված 2,1%-ի փոխարեն: 2008թ.-ին միջին ամսական անվանական աշխատավարձը 2007թ.-ի նկատմամբ աճել է 17,4 %-ով, ընդ որում` բյուջետային հատվածի աշխատավարձն աճել է 18,6%-ով: Հաշվետու տարում տնտեսության բյուջետային եւ ոչ բյուջետային հատվածներում միջին աշխատավարձը, համապատասխանաբար, կազմել է 64 800 դրամ եւ 114 000 դրամ, իսկ միջին աշխատավարձը` 91 331 դրամ: 2008թ.-ի դեկտեմբերին գործազրկության պաշտոնական մակարդակը կազմել է 6,3%, ինչը 2007թ.-ի համեմատ 0,7%-ով նվազ ցուցանիշ է: Անցած տարի ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 5 մլրդ 481 մլն ԱՄՆ դոլար` 2007թ.-ի համեմատ աճելով 24%-ով: Ընդ որում, արտահանումը 7,2%-ով նվազել է, իսկ ներմուծումը` 35%-ով աճել: 2008թ.-ին ԱՄՆ 1 դոլարի միջին փոխարժեքը կազմել է 305,97 դրամ` 2007թ.-ի 342,08 դրամի դիմաց:
Նոյյան տապան  -   Տնտեսություն