2008թ.-ի առաջին եռամսյակի համեմատ Հայաստանի պետբյուջեի<br /> ծախսերը 10,4%-ով աճել են<br />


2008թ.-ի առաջին եռամսյակի համեմատ Հայաստանի պետբյուջեի
ծախսերը 10,4%-ով աճել են

  • 12-05-2009 12:17:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 153,4 մլրդ դրամի (ավելի քան 411,8 մլն ԱՄՆ դոլար) ծախսեր, որից 2,2 մլրդ դրամը` պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին. մասնավորապես` 147,7 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 5,7 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2008թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 10,4%-ով կամ 14,4 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների եւ նպաստների, ծառայությունների ձեռքբերման եւ բյուջետային հիմնարկների աշխատավարձի գծով ծախսերի աճով: ՀՀ Ֆինանսների նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տվյալներով, պետբյուջեի ընթացիկ ծախսերը 2009թ.-ի հունվար-մարտին կազմել են 147,7 մլրդ դրամ, որոնց գծով կատարվել է եռամսյակային ծրագրի 91,9%-ը: Ընթացիկ ծախսերից 13,9 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 963,9 մլն դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարումներին, որոնց առաջին եռամսյակի կատարողականը կազմել է, համապատասխանաբար 89,1% եւ 85,3%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերը աճել են, համապատասխանաբար, 20,9%-ով եւ 7,4%-ով: Ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է 27,8 մլրդ դրամ, որը 12,1%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը. այս տարվա եռամսյակային ծրագիրը կատարվել է 89,4%-ով: 2009թ.-ի առաջին եռամսյակում 3,5 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը, որը կազմել է եռամսյակային ծրագրի 98,9%-ը. մասնավորապես, 2,8 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 700,5 մլն դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: 2008թ.-ի առաջին եռամսյակի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 20,5%-ով կամ 602,7 մլն դրամով, որը պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Պետական բյուջեից տրամադրված սուբսիդիաների գումարը կազմել է 3,7 մլրդ դրամ, որը 7%-ով փոքր է նախորդ տարվա նույն ցուցանիշից. այդ գծով ապահովվել է եռամսյակային ծրագրի 87,2% կատարողական: 2009թ.-ի առաջին եռամսյակում պետբյուջեի ընթացիկ ծախսերի 11,6%-ը կամ շուրջ 17,1 մլրդ դրամը կազմել են դրամաշնորհները, որոնցից 6,9 մլրդ դրամը (նախատեսվածի 100%-ը) տրամադրվել է համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների ֆինանսավորմանը: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրը կատարվել է 97,4%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն