Ըստ նախարարի, Մշակույթի նախարարությունում անհրաժեշտ է
ձեւավորել տեսչական մարմին
03-02-2009 20:12:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մշակույթի
նախարարության գործունեությունը 2008թ.-ին նպատակաուղղվել է ՀՀ
կառավարության 2008-2012թթ.-ի գործունեության ծրագրով նախանշված
հիմնական խնդիրների լուծմանը: Այս մասին փետրվարի 2-ին ՀՀ
վարչապետին ներկայացված տարեկան հաշվետվությունում հայտնեց նախարար
Հասմիկ Պողոսյանը:
Վարչապետին ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները,
Հ.Պողոսյանը նշեց, որ մշակութային ոլորտում նկատվում է ոչ
պրոֆեսիոնալ կադրերի ներհոսք, լուծված չէ նաեւ ոլորտի կադրերի
պատրաստման եւ վերապատրաստման հարցը: Ըստ նրա, այդ ուղղությամբ
անհրաժեշտ է մշակել համալիր ծրագիր:
Հ.Պողոսյանը տեղեկացրեց, որ մշակութային արժեքների
վերականգնման հարցում նույնպես առկա են խնդիրներ, եւ դրանց լուծման
ուղղությամբ քննարկումներ են ընթանում: Նախարարությունն
աշխատանքներ է տանում, որպեսզի մշակույթի օջախներում վաճառվող
տոմսերի իրական թիվը հաշվառվի եւ հարկային մարմինները
հնարավորություն ունենան ֆիքսել իրական եկամուտները: Այդ նպատակով
մշակույթի օջախներում կներդրվի տոմսերի վաճառքի էլեկտրոնային
ծրագիր:
Հ.Պողոսյանը նշեց նաեւ, որ նախարարության կազմում առաջնահերթ
անհրաժեշտ է ձեւավորել տեսչական մարմին: