ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԻ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ՄՇԱԿ ԽՈՐԵՆ ՊԱԼՅԱՆԸ
23-01-2007 15:54:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայ մշակույթը կրեց եւս
մի ծանր կորուստ` կյանքից հեռացավ հայ հոգեւոր երգարվեստի
անզուգական մշակ, շարականների հմուտ գիտակ Խորեն Պալյանը: Մեծ է
նրա վաստակը: Նա ոչ միայն հայ ազգային եւ հոգեւոր երգի բարձրարվեստ
կատարող էր, այլեւ դրա անխոնջ մունետիկը աշխարհում, այդ արվեստով
սերունդները դաստիարակելու ջատագովը եւ գործունյա անձ»: Այս մասին
ասված է Մտավորականների ֆորումի «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած
հաղորդագրությունում:
Սերված Պալյանների հռչակավոր ընտանիքից` նա ժառանգել էր եւ
մարդկային բարձր նկարագիր, եւ տաղանդ, եւ ազգին ծառայելու
անկոտրում կամք: Ըստ հաղորդագրության, «նրա համար խորթ էին այն
սեւն ու ստորը, այն ամենաթողությունը, որ վերջին տասնհինգ
տարիներին պատուհասում են հայ ժողովրդին»: Նշվում է, որ Խ.Պալյանը
երբեք չդավաճանեց ինքն իրեն. նա ապրեց օրինակելի կյանք եւ
հավերժացրեց իր անունը հարազատ ժողովրդի անմահների մատյանում:
Երեւանի պետական համալսարանի Հայոց լեզվի պատմության ամբիոնի
դոցենտ, անվանի շարականագետ, գրաբարի երկարամյա դասախոս, խմբավար
եւ երգիչ Խ.Պալյանը ավարտել է Ս.Էջմիածնի հոգեւոր ճեմարանը:
1955թ.-ին Մայր տաճարում ձեռնադրվել է սարկավագ, իսկ 1961թ.-ին
երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ
ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1962թ.-ին Օշականում պաշտպանել է
վարդապետական ավարտաճառ եւ ստացել վարդապետական չորս աստիճաններ:
Սբ. Էջմիածնում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ: 1965թ.-ի
ապրիլին Եղեռնի 50-ամյակին Հայաստանում ծայր առած ազգային
ինքնագիտակցության աննախընթաց պոռթկումը հիմնական շարժառիթը
հանդիսացավ, որպեսզի նա թողնի հոգեւոր ասպարեզը` երբեք չբաժանվելով
սակայն եկեղեցուց:
1965թ.-ին նա ընդունվել եւ 3 տարի անց գերազանցությամբ
ավարտել է ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետը, ապա 1968թ.-ին
նշանակվել է դասախոս Հայոց լեզվի պատմության ամբիոնում`
դասավանդելով լեզվի պատմություն եւ գրաբար: 1978-2004թթ.-ին
դասավանդել է Սբ. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, ապա
Սեւանի Վազգենյան դպրանոցում` ժամակարգություն, տեսական
շարականագիտություն եւ հայ հոգեւոր երաժշտություն առարկաները: Նրա
ծառայությունները բարձր գնահատելով, Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ
կաթողիկոսը Խորեն Պալյանին շնորհել է «Ս.Ներսես Շնորհալի»
շքանշանը:
Խ.Պալյանն ամուսնացած էր հոգեւոր երգերի անզուգական եւ
հռչակավոր կատարող Լուսինե Զաքարյանի հետ:
Խ.Պալյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 25-ին`
Էջմիածնի Սբ.Գայանե վանքի գերեզմանատանը: