ՀԱԳ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱԿՈԲ ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆԻ 200-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ<br /> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ <br />


ՀԱԳ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱԿՈԲ ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆԻ 200-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

  • 26-12-2006 18:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հակոբ Հովնաթանյանի 200-ամյակին էր նվիրված դեկտեմբերի 26-ին Հայաստանի Ազգային գրադարանում (ՀԱԳ) բացված ցուցահանդեսը: Ցուցադրանքում ընդգրկված են նկարչի մասին մամուլում, հանդեսներում հրապարակված հոդվածներ, ինչպես նաեւ նրա գործերի վերատպությունները: ՀԱԳ-ի Կերպարվեստի եւ քարտեզագրական նյութերի բաժնի վարիչ Ռիմա Հայրապետյանի խոսքերով, Հովնաթանյանները հատկանշական տեղ են զբաղեցնում հայկական կերպարվեստի պատմության մեջ: Շուրջ 2 դար, ըստ նրա, այս գերադաստանը հարստացրել է հայկական մշակույթը եւ թողել որոշակի հետք ազգային գեղանկարչության զարգացման գործում: Ռ.Հայրապետյանը նշեց, որ նկարչի առաջին ուսուցիչը եղել է հայրը, որի հետ նա նկարազարդել է Թբիլիսիի մի քանի եկեղեցիներ: Սակայն, Հ.Հովնաթանյանի տաղանդը դրսեւորվել է դիմանկարչության ժանրում, եւ պատահական չէ, որ Թբիլիսիիում նա հայտնի էր իբրեւ «Թիֆլիսյան Ռաֆայել»: Ըստ Ռ.Հայրապետյանի, նկարչի ստեղծած դիմանկարները, որոնք դիտողին հիացնում են եւ' ներքին բովանդակությամբ, եւ' կատարողական բարձր արվեստով, կարող են մրցել համաշխարհային դիմանկարչության լավագույն նմուշների հետ: Նշվեց նաեւ, որ որոշակի տվյալներով Հ.Հովնաթանյանը վրձնել է շուրջ 500 դիմանկար, սակայն պահպանվել է դրանցից մոտ հինգ տասնյակը: Նկարչի լավագույն գործերի շարքին են դասվում ներսես Աշտարակեցու, Շուշանիկ Նադիրյանի, Նատալյա Թեումյանի դիմանկարները: Ի դեպ, Ն.Թեումյանի դիմանկարը անվանում են նաեւ «Հայկական Ջոկոնդա»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play