ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԲԵՍԼԱՆԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՆՆՈՂ<br /> ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԲԵՍԼԱՆԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՆՆՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 22-12-2006 19:59:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ: «Բեսլանի ահաբեկչությունը կազմակերպել են Մասխադովը, Բասաեւը եւ Աբու-Ձեյթը, նրանք բոլորը վերացված են»,- ասված է ահաբեկչության հետաքննության նպատակով Ռուսաստանի Դաշնային խորհրդի ստեղծած հանձնաժողովի գործունեության ամփոփիչ զեկույցում, որն այսօր հրապարակել է հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Տորշինը: «Վերացված են այդ գործողությունը ծրագրած ահաբեկչական ընդհատակի առաջնորդներըՆ Մասխադովը եւ Բասաեւը, Աբու-Ձեյթը եւ Հաշիեւը»,- ասել է Տորշինը:- «Վերացվել է դպրոցը գրաված 31 ահաբեկիչ, ողջ է մնացել միայն Կուլաեւը, որը ցմահ ազատազրկման է դատապարտված»: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ պայթյունը Բեսլանի դպրոցում, որտեղ 2004 թվականի սեպտեմբերին զինյալները պատանդներ էին վերցրել, տեղի է ունեցել ահաբեկիչների մեղքով, այլ ոչ թե ուժայինների գործողությունների հետեւանքով.- «Հենվելով բազմաթիվ փորձաքննությունների եւ վկայությունների վրա` հանձնաժողովը պաշտոնապես պարզել է. պայթյունի պատճառը ահաբեկիչների գործողություններն էին»: Համաձայն զեկույցի, դպրոցի գրավումից հետո ստեղծված օպերատիվ շտաբը գործել է օրենքի շրջանակներում, եւ «սեպտեմբերի 3-ին սրված իրավիճակում ձեռնարկել է միջոցներ, որոնք անհրաժեշտ էին մարդկանց կյանքի եւ առողջության պահպանման համար»: «Ահաբեկչությունը հնարավոր է դարձել տեղերում Ռուսաստանի ՆԳՆ-ի պահանջների իրականացման պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով»,- ասված է հանձնաժողովի զեկույցում:- «Գիտելիքի օրը` սեպտեմբերի 1-ին հասարակական կարգի եւ քաղաքացիների անվտանգության պահպանման միջոցառումները կազմակերպված էին ձեւականորեն»: Մասնավորապես, ըստ հանձնաժողովի, Բեսլանի դպրոցում հանդիսավոր տողանի ժամանակ չի եղել որեւէ զինված ոստիկան, իսկ ոստիկանական ստորաբաժանումը, որը պետք է հերթապահեր դպրոցի մոտ, դեպքի պահին տեղում չի եղել: 2004 թվականի սեպտեմբերի 1-ին` ուսումնական տարվա առաջին օրը, ահաբեկիչները գրավել էին Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի դպրոցը` պատանդ վերցնելով հարյուրավոր մարդկանց եւ երեխաների: Ահաբեկչության հետեւանքով զոհվել է 333 մարդ, որոնցից` 186-ը երեխաներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play