«ՏՐԱՆՍՊԱՐԵՆՍԻ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ<br /> ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է «ՍԱՌԵՑՎԵԼ» ՆՈՐՄԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ<br /> ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ<br />


«ՏՐԱՆՍՊԱՐԵՆՍԻ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է «ՍԱՌԵՑՎԵԼ» ՆՈՐՄԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ

  • 06-11-2006 15:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Տրանսպարենսի Ինտերնեյշնլի» հետազոտությունների համաձայն, որ իրականացվել են աշխարհի 169 երկրներում, Հայաստանը կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրների թվում է: Այս մասին նոյեմբերի 6-ին Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց «Տարածաշրջանային զարգացման կենտրոն Տրանսպարենսի Ինտերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը: Նա պարզաբանեց, որ կիրառվող մեթոդաբանության համաձայն, կոռուպցիայի մակարդակի հաշվարկումը սկսվում է մեկ միավորից, այսինքն առավել կոռումպացված են համարվում այն երկրները, որտեղ այդ ցուցանիշը մոտ է մեկին: Արդեն երկու տարի անընդմեջ կոռուպցիայի ցուցանիշը Հայաստանում կազմում է «2,9», ինչը, ըստ Ա.Կոստանյանի, վկայում է երկրի իշխանությունների հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարի տապալման մասին: «Չնայած ընդունված հակակոռուպցիոն օրենքներին, այդ ոլորտի մի շարք կոնվենցիաների ստորագրմանը, կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում իմիտացիոն բնույթ է կրում: Կոռուպցիայի դեմ պաշտոնապես հայտարարված պայքարի երեք տարվա ընթացքում ոչ մի պաշտոնատար անձ չի պատժվել կաշառք ստանալու համար եւ, որ ամենագլխավորն է, ընտրությունների շեմին իշխանությունները որեւէ պատասխանատվություն չեն կրում այդ պայքարի փաստացի ձախողման համար»,- հայտարարեց Ա.Կոստանյանը: Նա հատկապես անդրադարձավ այնպիսի մի խնդրի, ինչպիսին քաղաքական կոռուպցիան է, որի առավել վառ դրսեւորումը կեղծարարություններն են ընտրությունների ժամանակ: Դրանից բացի, քաղաքական կոռուպցիայի արտահայտություններ են նաեւ քարոզչության համար անհավասար պայմանների ստեղծումը նախընտրական քարոզարշավի ժամանակ, ընտրակաշառքները եւ այլն: «Ֆրիդոմ հաուզ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին հայտարարության առնչությամբ, որտեղ կոչ է արվում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային դադարեցնել օգնության տրամադրումը որոշ երկրների, այդ թվում եւ Հայաստանին, քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների չապահովման կապակցությամբ, Ա.Կոստանյանը չբացառեց, որ օգնությունը Հայաստանին տվյալ ծրագրի շրջանակում կարող է «սառեցվել» նորմալ ընտրություններ անցկացնելու պայմանով:
Նոյյան տապան  -   Հասարակություն