ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ԳԵՂԱՆՈՒՇԻ ՀԻՆ ՊՈՉԱՄԲԱՐԸ<br />


ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ԳԵՂԱՆՈՒՇԻ ՀԻՆ ՊՈՉԱՄԲԱՐԸ

  • 26-10-2006 18:22:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Dino Gold Mining ընկերությունը իր թափոնների համար վերականգնում է Գեղանուշի հին պոչամբարը: Այս մասին մեդիա-ուղեւորության ընթացքում, որ կազմակերպվել էր «Էկոլոգիական ժուռնալիստիկայի խթանում Հայաստանի մարզերում Արեւելյան Փոքր Կովկասի միջանցքի բնապահպանական խնդիրների մոնիտորինգի նպատակով» նախագծի շրջանակում, լրագրողներին հայտնեց ընկերության բնության պահպանության բաժնի պետ Վահե Վարդանյանը: Նախագիծն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը Ճգնաժամային վիճակում գտնվող էկոհամակարգերի համագործակցության ֆոնդի եւ Վայրի բնության պահպանության համաշխարհային ֆոնդի (CEPF/WWF) Կովկասյան ծրագրի ֆինանսական աջակցությամբ: Վ.Վարդանյանը ընդգծեց, որ պոչամբարը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով, փակ ցիկլով: Նոր շինությունը կներառի ոչ միայն հին պոչամբարի տարածքը, այլեւ կբարձրացնի նրա մակարդակը 50 մետր բարձրության վրա: Դա նշանակում է, որ ձեռնարկության հեղուկ թափոնների տակ կհայտնվեն լեռնալանջերը եւ մերձակա հողամասերը, որ պատկանում են Գեղանուշ գյուղի բնակիչներին: Ըստ Վ.Վարդանյանի, նրանց նախատեսվում է փոխհատուցում տալ: Սակայն, գյուղական համայնքի ղեկավար Գրիգոր Սաֆարյանը հայտնեց, որ գյուղի բնակիչների կարծիքը էկոլոգիական փորձաքննություն իրականացնելիս հաշվի չի առնվել: Քանի նոր պոչամբարը կառուցված չէ, թափոնները լցվում են ժամանակավորի մեջ: Ինչպես լրագրողներին բացատրեց տարածքային բնապահպանական պետական տեսչության պետ Լեւոն Պետրոսյանը, պոչամբարը թեպետեւ ժամանակավոր է, բայց իր գործառույթը կատարում է: Սակայն, ինչպես հավաստիացրին տեղացի լրագրողները, թափոնները լցվում են Ողջի գետը գործնականում առանց մաքրման:
Նոյյան տապան  -   Տնտեսություն