ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲԵՐԻ
ԲՈԼՈՐ ՆՄԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
20-10-2006 19:35:00 | Ֆրանսիա | Միջազգային
ՓԱՐԻԶ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի խորհրդարանի
ստորին պալատի ընդունած օրինագիծը, որ քրեական պատիժ է նախատեսում
Հայոց ցեղասպանության ժխտման համար, պետք է վերաբերի բոլոր նման
հանցագործություններին, «քանի որ այլապես դա ստեղծում է բավականին
տարօրինակ տպավորություն», կարծում է հայազգի աշխարհահռչակ
շանսոնիե Շարլ Ազնավուրը:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Շարլ
Ազնավուրը նշել է. «Ես հիացած եմ նրանով, որ այդ մասին մտածել են,
սակայն, ինչպես տեսնում եք, ես որոշակի վերապահումներ ունեմ, քանի
որ իմ մեջ այն տպավորությունն է ստեղծվել, որ մյուս
ցեղասպանությունների մասին պարզապես մոռացել են»: Անդրադառնալով
թուրք գրող Օրհան Փամուքին գրականության ոլորտի Նոբելյան մրցանակի
շնորհմանը, շանսոնիեն հայտարարել է, որ շատ ուրախ է, որ «գրողը
արժանացել է այդ պատվին»: «Չեմ կարող ուրախ չլինել, քանի որ հենց
Օրհան Փամուքը` չնայելով ոչ մի բանի, խոսեց Թուրքիայի կողմից Հայոց
ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին»,- ամփոփել է նա: