ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՁԱԽՈՂԵԼ Է ՎԻԶՈՒԱԼ ՇՓՈՒՄԸ ԵԱՀԿ ԴԻՏԱՐԿՄԱՆ<br /> ԽՄԲԵՐԻ ՄԻՋԵՎ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՁԱԽՈՂԵԼ Է ՎԻԶՈՒԱԼ ՇՓՈՒՄԸ ԵԱՀԿ ԴԻՏԱՐԿՄԱՆ
ԽՄԲԵՐԻ ՄԻՋԵՎ

  • 13-10-2006 15:45:00   | Հայաստան  |  Միջազգային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 13-ին, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ կանխավ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պլանային մոնիտորինգ է իրականացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Գյուլիստան բնակավայրի մոտ: Ինչպես հայտնել են ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խումբը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) Անջեյ Կասպշիկը: Մոնիտորինգի խմբի մեջ մտնում էին ԵԱՀԿ ԳՆԱՆ օգնականներ Պետեր Կիին (Մեծ Բրիտանիա) եւ Գյունտեր Ֆոլկը (Գերմանիա): Մոնիտորինգն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Սակայն ի տարբերություն ղարաբաղյան կողմի, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջավոր սահման, որի հետեւանքով դիտարկման խմբերի միջեւ տեսողական շփում չի կայացել: Հրադադարի ռեժիմի խախտումներ մոնիտորինգի ընթացքում չեն արձանագրվել: Ղարաբաղյան կողմից ԵԱՀԿ առաքելությանը ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Միջազգային