ՎՐԱՍՏԱՆԸ «ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» Է ՍԱՀՄԱՆԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ
ՌԱԶՄԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՎՐԱ
09-10-2006 19:00:00 | Ռուսաստան | Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006 թվականի
հոկտեմբերի 9-ից փոփոխություններ են մտցվում վրացական տարածքով
Գյումրիի 102-րդ ռուսական բազայի անձնակազմի եւ ռազմական բեռների
տարանցման կազմակերպման մեջ: Հարկ է նշել, որ այդ նոր կանոնները
մշակվել են ոչ թե երկկողմ հարաբերությունների սրման առնչությամբ,
այլ հիմնվում են Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2006 թվականի մարտի
31-ին կնքված «Վրաստանի տարածքով ռազմական բեռների եւ անձնակազմի
տարանցումը կազմակերպելու մասին» համաձայնագրի վրա:
Փոփոխություններին համապատասխան, Ռուսաստանի ՊՆ-ն պարտավոր է դիմել
վրացական ռազմական գերատեսչությանը իր բեռների տարանցման
թույլտվության համար: Սակայն Թբիլիսին, ցավոք, ձգտում է այդ
փոփոխություններն օգտագործել կարճաժամկետ քաղաքական նպատակներով,
այդ թվում, ըստ ամենայնի, նոր սադրանքների կազմակերպման համար:
Ինչպես երկուշաբթի հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար
Իրակլի Օկրուաշվիլին, Վրաստանը հաստատում է «հատուկ
վերահսկողություն ՌԴ-ից Վրաստանով դեպի Հայաստան այն նյութերի
տարանցման նկատմամբ, որ վտանգ են ներկայացնում կյանքի համար»:
Վրաստանի ՊՆ որոշումը վերաբերում է դեպի Հայաստանի ռուսական
102-րդ ռազմական բազա ոչ միայն «ռազմական տեխնիկայի, զինվորական
անձնակազմի» տարանցմանը, այլեւ «նրանց ուղեկցող անձանց եւ ընտանիքի
անդամներին»: Ինչպես երկուշաբթի լրագրողների հետ զրույցի ժամանակ
ընդգծել է Օկրուաշվիլին, «սահմանվում է հատուկ վերահսկողություն
Վրաստանի քաղաքացիների համար վտանգ ներկայացնող նյութերի
փոխադրումների նկատմամբ», դրանք են «ատոմային էներգիայի
աղբյուրները, պայթուցիկ նյութերը, կյանքի համար վտանգավոր
նյութերը»: «Մենք պահանջներ ենք դնում, որ համապատասխանում են
հանրաճանաչ միջազգային ստանդարտներին»,- իր դիրքորոշումը բացատրել
է նախարարը,- գրում է «Ստրանա.ռուն»: