ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼ Է<br /> ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ<br />


ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼ Է
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

  • 06-10-2006 19:51:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սահակաշվիլին վստահեցնում է, որ իր կուսակցությունը այս անգամ ավելի շատ ձայներ է հավաքել, քան 2004 թվականի մարտին: Ընտրական տեղամասերի ելքի մոտ կատարված հարցման տվյալներով, Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ է տարել նախագահ Միխայիլ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կառավարող կուսակցությունը: Ըստ առկա տվյալների, Սահակաշվիլու կուսակցությանն են իրենց ձայնը տվել ընտրողների կեսից ավելին, հաղորդում է Բի-Բի-Սին: Վրաց առաջնորդը շնորհավորել է իր կողմնակիցներին հաղթանակի կապակցությամբ. «Ինձ համար հաճելի է հայտնել, որ «Միացյալ ազգային շարժումը» համոզիչ հաղթանակ է տարել կայացած ընտրություններում»: «Մեր կուսակցությունը գտնվում է իշխանության մեջ գրեթե երկուսուկես տարի, այն ժամանակից, երբ 2004 թվականի մարտին կայացան խորհրդարանական ընտրությունները: Ողջ Վրաստանում «ազգային շարժումը» ավելի շատ ձայներ է ստացել, քան անցած ընտրություններում»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: Իսկ վրաց ընդդիմությունը համարում է, որ ընտրություններն ուղեկցվել են լուրջ խախտումներով: «Ներկայիս իշխանությունները ոչնչով չեն տարբերվում իրենց նախորդներից` Շեւարդնաձեից եւ Աբաշիձեից, եւ օգտագործում են ընտրությունների կեղծման հենց նրանց տեխնոլոգիաները»,- Հանրապետական կուսակցության առաջնորդներից Դավիթ Բերձենիշվիլու խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:
Նոյյան տապան  -   Միջազգային