ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 03-10-2006 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 3-ին Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի կենտրոնական տանը տեղի ունեցավ մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Առաջնության մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, գրոստմայստեր Սմբատ Լպուտյանը, ՀՀ Սպորտպետկոմի փոխնախագահ Միքայել Իսպիրյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը եւ առաջնության գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը: Մինչ այդ առաջնության մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին աշխարհի 9-րդ չեմպիոնի` Տ.Պետրոսյանի, հուշարձանին: Հայաստան ժամանած հյուրերի թվում են ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար, Հայաստանի վաստակաշատ մարզիչ Արմեն Համբարձումյանը, շախմատի երեւանյան դպրոցի նախկին սան Տաթեւ Աբրահամյանը, Իրանը ներկայացնող Համլետ Թումանյանը: Նշենք, որ առաջնության կազմակերպիչները նման մրցաշարերի անցկացման հարուստ փորձ ունեն: Երեւանում մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնություն է անցկացվել 1999 եւ 2000թթ.-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ