ԱՀՄԵԴ ՍԵԶԵՐ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԻ ԵՎ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ»
02-10-2006 19:51:00 | Թուրքիա | Միջազգային
ԱՆԿԱՐԱ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Լեռնային Ղարաբաղի
խնդիրը պետք է կարգավորվի եւ Ադրբեջանի տարածքային
ամբողջականությունը վերականգնվի»: Այս հայտարարությունը, ինչպես
հաղորդում է ԱՏ գործակալությունը, արել է Թուրքիայի նախագահ Ահմեդ
Սեզերը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի աշնանային նստաշրջանի նիստի
բացմանը: Իր խոսքում նախագահը նշել է, որ Թուրքիան բավարարված է
այն քայլերից, որ ձեռնարկում է Ադրբեջանը իր արժանի տեղը
համաշխարհային հանրության մեջ զբաղեցնելու ուղղությամբ:
Ընդգծելով, որ Եվրասիական տարածաշրջանի կայունությունն ու
համագործակցությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության
առաջնահերթություններից մեկն է, Սեզերն ասել է, որ
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հիմնական արտահանական խողովակաշարը այդ
համագործակցության ամենակարեւոր եւ ակնառու օրինակն է: Ըստ նրա,
Ղազախստանի մասնակցությունը տվյալ նախագծին կներառի նաեւ Միջին
Ասիան: Սեզերն ասել է. «Մենք ձգտում ենք Հարավային Կովկասում
ստեղծել բարեկամության եւ համագործակցության մթնոլորտ»: Թուրքիայի
նախագահը նշել է, որ երկիրը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի
հետ կապերի ընդլայնմանը, եւ այդ բազմակողմ փոխգործակցությունը
ավանդ կմուծի Եվրասիայում եւ Սեւ ծովի տարածաշրջանում խաղաղության
եւ կայունության մեջ: