Փոխվարչապետն այցելեց Արարատի մարզ


Փոխվարչապետն այցելեց Արարատի մարզ

  • 23-07-2011 15:29:37   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւոգյանն այսօր Արարատի մարզում ծանոթացավ «ՀՄՀ-Հայաստան»-ի ծրագրերով, մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Փոխվարչապետին ուղեկցում էին մարզպետ Է. Բարսեղյանը, ոռոգման ոլորտի պատասխանատուներ: Փոխվարչապետին տեղում ներկայացվեց «ՀՄՀ-Հայաստան»-ի ծրագրով վերականգնվող եւ վերազինվող Ռանչպար-Մխչյան պոմպակայաններում իրականացվող աշխատանքները: Տեղեկացվեց, որ պոմպերն արդեն շահագործման են հանձնված, իսկ շինաշխատանքների հիմնական մասն ավարտված է: Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում: Ա. Գեւորգյանը շահագործող ընկերությունների հետ քննարկեց հետշինարարական աշխատանքներին, ինչպես նաեւ շահագործման ընթացքում առաջացող հնարավոր խնդիրների վերացմանը վերաբերող հարցեր` կարեւորելով նման դեպքերում հենց կապալառու ընկերությունների հետ թերությունները վերացնելու հանգամանքը: Ա. Գեւորգյանն այցելեց մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրում ընդգրկված Մասիս քաղաքի թիվ 6 եւ թիվ 2 դպրոցներ, որտեղ ընդհանուր առմամբ 41 մլն դրամ է նախատեսվել: Վերանորոգման աշխատանքներն ավարտված են Մասիսի թիվ 6 դպրոցում, թիվ 2 դպրոցում աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Բաղրամյան գյուղի դպրոցում Ա. Գեւորգյանին ներկայացվեց վերակառուցման ծրագրի ընթացը, որի համար նախատեսվել է 16 մլն դրամ: Այնուհետեւ փոխվարչապետը Փոքր Վեդի համայնքում ծանոթացավ «ՀՄՀ-Հայաստան»-ի ծրագրով իրականացվող համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցման ընթացքին, վերակառուցված ջրագծերի որակին: Որոշվեց, որ կատարված աշխատանքի վերաբերյալ համայնքի եւ ՋՕԸ-ի ղեկավարների մտահոգությունը լրացուցիչ կքննարկվի կապալառու ընկերության եւ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի հետ, որպեսզի թերությունները պարտադիր վերացվեն: Ա. Գեւորգյանը ծանոթացավ նաեւ համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին: Մանկապարտեզը, որը ՀՀ նախագահի նախընտրական խոստումների ցանկից է, շահագործման կհանձնվի 2012 թվականին: ՀՀ փոխվարչապետն Արալեզ համայնքում ծանոթացավ «ՀՄՀ-Հայաստան»-ի ծրագրերով իրականացված ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցման աշխատանքներին: Այստեղ Ա. Գեւորգյանը խիստ անբավարար համարեց կատարված աշխատանքների որակը` հանձնարարելով ՊՈԱԿ-ի տնօրինությանն առավելագույնը մեկ ամիս ժամկետում պարտադրել կապալառու ընկերությանը վերացնել ի հայտ եկած թերությունները` հակառակ դեպքում կիրառել անորակ աշխատանքների դեպքում նախատեսված պատժամիջոցները ողջ ծավալով: Փոխվարչապետը կարեւորելով աշխատանքները ժամկետում իրականացնելու հանգամանքը` մարզպետին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել մարզում իրականացվող բոլոր կապիտալ շինաշխատանքների որակը: Այնուհետեւ Արարատի մարզպետարանում մարզպետարանի, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչների, մարզը սպասարկող ՋՕԸ-ի տնօրենների մասնակցությամբ անցկացվեց խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին մարզային ընթացիկ հարցեր: ՋՕԸ-ի հետ քննարկմանը փոխվարչապետը կարեւորեց գուղացիական տնտեսություններին ոռոգման ջրի` անխափան եւ ըստ պահանջարկի մատակարարումը` միեւնույն ժամանակ ներկաների ուշադրությունը հրավիրելով ջրի վարձավճարների ժամանակին հավաքագրումների վրա: Ա. Գեւորգյանը նկատեց, որ համակարգի արդյունավետ գործունեության համար պարտադիր հանգամանք է հավաքագրումն իրականացնել պլանավորված ցուցանիշներին համապատասխան, որի դեպքում հնարավոր է ժամանակին կատարել բոլոր ֆինանսական պարտավորությունները: ՋՕԸ-ի տնօրենները իրենց հերթին ներկայացրին համակարգում իրականացվող կապիտալ ծրագրերի ընթացքը, նշելով, որ վերակառուցման ծրագրի շնորհիվ նկատելի կբարձրանա ոռոգման կազմակերպման արդյունավետությունը: Անդրադարձ կատարվեց նաեւ ՋՕԸ-ի տիրույթում գտնվող խորքային հորերի վրա ջրաչափեր տեղադրելու անհրաժեշտությանը: Փոխվարչապետին զեկուցվեց, որ խնդրահարույց Մասիսի տարածաշրջանի ՋՕԸ-ի տիրությում գտնվող բոլոր 90 խորքային հորերի վրա տեղադրված են ջրաչափեր:
Նոյյան տապան  -   Տնտեսություն