ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՕԳՏԱԿԱՐ<br /> ԾՐԱԳՐԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br />


ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՕԳՏԱԿԱՐ
ԾՐԱԳՐԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

  • 13-09-2006 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության Եգիպտական հիմնադրամի գլխավոր քարտուղար, դեսպան Վահիդ Էլ-դին Իսմայիլ Գալալին սեպտեմբերի 12-ի հանդիպմանը գոհունակություն են հայտնել Հայաստանի տարբեր գերատեսչություների եւ հիմնադրամի միջեւ երկարատեւ համագործակցության կապակցությամբ` նշելով իրականացված ծրագրերի օգտակարությունը հայաստանցի մասնագետների համար: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, հանդիպման ժամանակ կողմերը երկուստեք ընդգծել են Հայաստանի եւ Եգիպտոսի փոխադարձ ջերմ վերաբերմունքը` վստահություն հայտնելով, որ առավել կզարգանան արդեն իսկ բարձր մակարդակում գտնվող երկկողմ հարաբերությունները: Տեղեկանք. Հիմնադրամը ստեղծվել է 1992թ.-ին Եգիպտոսի արտգործնախարարությանը կից` ԱՊՀ եւ արեւելաեւրոպական մի շարք երկրների հետ հարաբերությունները զարգացնելու նպատակով: Հիմնադրամի գործունեության հիմնական բնագավառներն են` կադրերի վերապատրաստումը տարբեր ոլորտներում` դիվանագիտություն, արաբագիտություն, առեւտուր եւ սեփականաշնորհում, բանկային համակարգ, գյուղատնտեսություն եւ այլն: Հիմնադրամը իր օժանդակությունն է ցուցաբերում նաեւ Եգիպտոսում սովորող օտարերկրացի ուսանողներին` կրթաթոշակների հատկացմամբ: Այն աջակցում է նաեւ մասնագետների միջեւ փորձի փոխանակման կազմակերպմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն