ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ» ԿՄԵԿՆԱՐԿԵՆ<br /> «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻՑ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ» ԿՄԵԿՆԱՐԿԵՆ
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻՑ

  • 07-09-2006 18:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի «Եվրոպական ժառանգության օրերը» պաշտոնապես կմեկնարկեն սեպտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանում: Հայաստանը եվրոպական մշակութային այդ ձեռնարկին կմիանա սեպտեմբերի 9-ին «Զվարթնոց» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կայանալիք միջացառմամբ: Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրերը» կանցկացվեն «Հայացք միջնադարին» խորագրի ներքո: Ինչպես սեպտեմբերի 7-ի ասուլիսում հայտնեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, Հայաստանն այս տարի չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջոցառումներին: Գագիկ Գյուրջյանի խոսքերով, Եվրամիության հովանու ներքո 1999 թվականից ամեն տարի օգոստոսից մինչեւ նոյեմբեր անցկացվող «Եվրոպական ժառանգության օրերը» միավորում են Եվրոպական մշակութային կոնվենցիայի անդամ 48 երկրների: 15 տարի շարունակ համատեղ աշխատանքի շնորհիվ այդ նախաձեռնությունն արձանագրում է անվիճելի հաջողություններ: Ըստ նրա, միայն անցյալ տարի 37 հազար հուշարձաններ եւ տեսարժան վայրեր են հայտնվել այս համաեվրոպական մշակութային արշավի առանցքում` համախմբելով 21 մլն 700 հազար քաղաքացիների, որոնք ծանոթացել եւ ականատեսն են դարձել բոլորի համար ընդհանուր եվրոպական մշակութային արժեքներին: Փոխնախարարը նշեց, որ «Եվրոպական ժառանգության օրերի» առաջնային նպատակն է քարոզել հանդուրժողականություն հարեւան երկրների եւ ժողովուրդների միջեւ` կանխելու համար ամեն տեսակ վանդալիզմ եւ ծայրահեղական գործողություններ: Անցյալ տարի Հայաստանի հարեւան երկրներում վանդալիզմի եւ ծայրահեղականության դրսեւորումներ տեղ գտան հայկական պատմամշակութային արժեքների նկատմամբ, որոնք դատապարտվեցին Եվրամիության անդամ երկրների կողմից:
Նոյյան տապան  -   Մշակույթ