ԵՎՐՈՊԱՑԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ԽՍՏԻՎ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ<br /> ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՁԳՁԳՈՒՄԸ<br />


ԵՎՐՈՊԱՑԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ԽՍՏԻՎ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՁԳՁԳՈՒՄԸ

  • 05-09-2006 18:35:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Եվրախորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին ընդունել է Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ զեկույցի նախագիծը, որում խստիվ քննադատվում է այդ երկրի կողմից իր իսկ ստանձնած բարեփոխումների ձգձգումը: «Եվրախորհրդարանը ցավում է, որ բարեփոխումների գործընթացը դանդաղում է»,- ասված է փաստաթղթում, որը լուրջ թերություններ է մատնանշում մի շարք ոլորտներում: Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, Համաձայն զեկույցի նախագծի, Թուրքիան «անբավարար առաջընթաց» է արձանագրել խոսքի ազատության, կրոնական եւ ազգային փոքրամասնությունների, ինչպես նաեւ կանանց իրավունքների բնագավառներում: Փաստաթուղթը կոչ է անում Անկարային ճանաչել Կիպրոսը եւ «հնարավորինս շուտ կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ»: Զեկույցի պահանջն է նաեւ, որ որպես Եվրամիությանն իր անդամակցության նախապայման` Թուրքիան ճանաչի Առաջին աշխարհամարտի տարիներին օսմանյան Թուրքիայի կողմից գործադրված Հայոց ցեղասպանությունը: «Մենք չենք ասում, թե այլեւս նվիրված չենք բանակցություններին, կամ էլ չենք ուզում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը: Սակայն մենք հստակ ազդանշան ենք հղում Թուրքիային, որ նա պետք է արագացնի իր բարեփոխումները»,- հայտարարել է զեկույցի նախագծի հեղինակ, Պահպանողական կուսակցությունից հոլանդացի պատգամավոր Քեյմիել Յոռլինգսը: Եվրախորհրդարանի լիագումար նիստում զեկույցի քննարկումը նախատեսված է սեպտեմբերի վերջին: Եվրամիությանը որեւէ երկրի անդամակցության համար պահանջվում է ինչպես Եվրախորհրդարանի հավանությունը, այնպես էլ բոլոր 25 անդամ պետությունների համաձայնությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային