Օ. ԲՈԺԿՈ. «ՎԱՂԵՄԻ ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ<br /> ՎԵՐԱԾՆՎՈՒՄ ԵՆ»<br />


Օ. ԲՈԺԿՈ. «ՎԱՂԵՄԻ ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ
ՎԵՐԱԾՆՎՈՒՄ ԵՆ»

  • 24-08-2006 16:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-ուկրաինական մշակութային կապերը ունեն շատ հին ավանդույթներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Օլեքսանդր Բոժկոն, կան փաստեր, որոնք վկայում են, որ Ուկրաինայում այնտեղ տեղափոխված հայերը դեռ դարեր առաջ զարգացնում էին իրենց ազգային մշակույթը: «Մեզ հասել են հազարավոր ձեռագրեր, որոնք ստեղծել են հայերը Ուկրաինայի հողի վրա: Լվովում դեռ 16-րդ դարում տեղի է ունեցել հայկական առաջին դպրոցական թատրոնի ներկայացումը: Տպագրվել են հայկական գրքեր, կառուցվել վանքեր` Լվովում, Ղրիմում, Կամենեց-Պոդոլսկիում եւ ուկրաինական այլ քաղաքներում»,- շարունակեց է դեսպանը: Նա նշեց, որ ուկրաինա-հայկական մշակութային կապերը շատ ակտիվորեն զարգացել են նաեւ խորհրդային ժամանակաշրջանում: Բազմաթիվ թարգմանություններ են լույս տեսել: «Պետք է ցավով նշեմ, որ այն աշխուժությունը, որ կար մեր ժողովուրդների շփման մեջ այն տարիներին, որոշ չափով նվազեց` ինչ-ինչ հանգամանքների պատճառով»,- ասաց պրն. Բոժկոն: Միաժամանակ, նրա խոսքով, վերջին ժամանակներս իրավիճակը այս ոլորտում բարելավվում է: Ստեղծվում են իրավական հիմքեր, որոնք թույլ կտան զարգացնել կապերը մշակութային եւ կրթական բնագավառներում: Դեռ 1996թ. ստորագրվել է համաձայնագիր մշակութային համագործակցության մասին, ստորագրված են նաեւ համաձայնագրեր գիտական եւ գիտա-մանկավարժական կադրերի ատեստավորման մասին, նաեւ` բժշկության եւ առողջապահության բնագավառում համագործակցության մասին, ասաց Բոժկոն: Դեսպան Բոժկոն որպես կապերի հաստաման օրինակ նշեց Երեւանում Տերնոպոլի ակադեմիայի մասնաճյուղի բացման փաստը: Նաեւ, նրա խոսքերով, հայ երիտասարդները հնարավորություն ունեն կրթություն ստանալու Ուկրաինայում: Դեսպանը հայտնեց, որ նախապատրաստվում է մի փաստաթուղթ, որի շնորհիվ հայ դիվանագետները կկարողանան վերապատրաստվել Ուկրաինայի դիվանագիտական ակադեմիայում: «Ասել միայն, որ մեզ` ուկրաինացիներիս համար հայկական մշակույթը շատ հետաքրքիր է, կլիներ շատ քիչ: Մենք համարում ենք, որ ուկրաինական ժողովրդի համար Հայաստանի բազմադարյան մշակույթի գանձերը պետք է դառնան մեր երկրի մշակութային կյանքի անբաժան տարրը»,- հայտարարել է Օ. Բոժկոն: Նրա խոսքերով, Ուկրաինայում վերջին տարիներին ուկրաիներենով լույս են տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը», «Սասունցի Դավիթ» էպոսն ու այլ ստեղծագործություններ: Ավելին, ուկրաինական հրատարակչությունները լույս են ընծայում հայ հեղինակների գրքերը նաեւ հայերենով, ասել է Օ. Բոժկոն: Դեսպանը հայտնել է, որ դեսպանությունը ներկայումս ձգտում է վերածնել հին բարի ավանդույթը, երբ հայ գրողները մասնակցում էին «Տարաս Շեւչենկոյի» ամենամյա տոնին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play