ՀՀ ՆՈՐ ՕՐՀՆԵՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՈՐՈՇԻՉ ԴԵՐ ԿԽԱՂԱ ԺՈՂՈՎՐԴԻ
ԿԱՐԾԻՔԸ
09-08-2006 18:20:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մշակույթի եւ
երիտասարդության հարցերի նախարարությունը հունիսի 8-ից մինչեւ
օգոստոսի 1-ը ներառյալ ստացել է ՀՀ նոր օրհներգի մրցույթի
մասնակցության 85 հայտ: Ինչպես օգոստոսի 9-ի ասուլիսում հայտնեց
նախարար Հասմիկ Պողոսյանը, հայտերը բաշխվել են ըստ «Նոր խոսք եւ
նոր երաժշտություն», «Հայտնի խոսք եւ նոր երաժշտություն», «Հայտնի
խոսք եւ հայտնի երաժշտություն», «Հայտնի երաժշտություն եւ նոր
խոսք» անվանակարգերի: Մրցույթի առաջին փուլի արդյունքներով 2-րդ
փուլ են անցել ներկայացված գործերից 5-ը` Տիգրան Մանսուրյանի
երաժշտությամբ եւ Եղիշե Չարենցի տեքստով, Երվանդ Երզնկյանի
երաժշտությամբ «Արարատ Բ» ծածկանունով հեղինակի տեքստով, Էդգար
Հովհաննիսյանի երաժշտությամբ Վահագն Դավթյանի տեքստով, Արամ
Խաչատրյանի երաժշտությամբ Արսեն Սողոմոնյանի տեքստով եւ Ռոբերտ
Ամիրխանյանի երաժշտությամբ Լյուդվիգ Դուրյանի տեքստով գրված
ստեղծագործությունները:
Հ.Պողոսյանը նշեց, որ մրցույթի 2-րդ փուլում, որը կանցկացվի
հանրային լսումների տեսքով, թվարկված 5 ստեղծագործությունները
կկատարվեն երկու տարբերակով` սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ եւ
սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ երգչախմբի կատարմամբ:
Ըստ նախարարի, թեեւ վերջնական որոշումը կընդունի 22 հոգուց
բաղկացած մրցութային հանձնաժողովը, սակայն հասարակական կարծիքը
որոշիչ դեր կխաղա ՀՀ նոր օրհներգի ընտրության հարցում: