ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՊՈԵՏԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՖԻԼՄՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է<br /> ԿԱՌԼՈՎԻ ՎԱՐԻԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ<br />


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՊՈԵՏԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՖԻԼՄՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է
ԿԱՌԼՈՎԻ ՎԱՐԻԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ

  • 28-06-2006 18:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» կինոնկարը կմասնակցի հունիսի 30-ից հուլիսի 8-ը անցկացվելիք Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրին: Իսկ մինչ այդ, ինչպես հունիսի 28-ի ասուլիսում հայտնեց Հայաստանի Կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանը, ֆիլմի` Ռոտերդամում կայացած համաշխարհային պրեմիերայից հետո այն մասնակցել է Գյոթեբորգի, Թեհրանի, Սիդնեյի, Վաշինգտոնի, Ալբայի, Դուրբանի եւ «Իզոլա Սինեմա» միջազգային կինոփառատոններին: Նա նշեց, որ Հարություն Խաչատրյանի «Վավերագրողը» ֆիլմը 2003թ. Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում արժանացել է բարձրագույն մրցանակի: «Այս փառատոնն աշխարհում գոյություն ունեցող Ա կարգի 5 միջազգային փառատոններից մեկն է, որին անգամ միայն մասնակցելը մեծ հաջողություն է»,- ընդգծեց Սուսաննա Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ Կառլովի Վարիի կինոփառատոնում վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկված են նաեւ հայտնի ռեժիսորներ Սերգել Լոզնիցայի (Ռուսաստան), Գալինա Ադամովիչի (Բելառուս), Մարիլիա Ռոկայի (Բրազիլիա), Մարկո Սկոպի (Սլովակիա), Յոհան Պալմգերի (Շվեդիա) եւ այլոց ֆիլմերը: Բացի այդ, աշխարհահռչակ կինոռեժիսոր Միխայիլ Գլավոգերը իր «Թափառելով հետնախորշերում» ֆիլմով կմասնակցի ե'ւ Կառլովի Վարիի, ե'ւ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոններին: Անվանի ռեժիսորն անձամբ ներկա է լինելու երկու փառատոններին: «Պոետի վերադարձը» կինոնկարը առաջիկայում կմասնակցի նաեւ Էդինբուրգի, Մարսելի, Լոնդոնի, Մելբուռնի, Ռիգայի, Սանկտ Պետերբուրգի եւ այլ փառատոնների:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play