ԹԱՏՐՈՆԻ ԻՆԸ ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՇՆՈՐՀՎԵՑԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ<br />


ԹԱՏՐՈՆԻ ԻՆԸ ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՇՆՈՐՀՎԵՑԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ

  • 27-06-2006 20:17:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահի հրամանագրով թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ հայաստանյան ինը ճանաչված թատերական գործիչների շնորհվել են պատվավոր կոչումներ: Հունիսի 27-ին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը նրանց հանձնեց պատվավոր կոչումների վկայականները եւ պարգեւները: ՀՀ ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին: Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի եւ Կամերային պետական թատրոնի դերասաններ Հովհաննես Բաբախանյանին եւ Հրանտ Թոխատյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում: Նույն կոչմանն են արժանացել նաեւ Հովհաննես Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնի դերասան Դերենիկ Մարտիրոսյանը, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի Լալա Մնացականյանը եւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանը: ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումներ են շնորհվել թատերագետ Վարսենիկ Գրիգորյանին եւ Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Հակոբ Ղազանչյանին, իսկ նույն թատրոնի գլխավոր նկարիչ Գրիշա Սահակյանն արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը: Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի խոսքերով, կոչում ստանալը կարծես ամփոփում է արվեստագետի կյանքի որոշ շրջանը` խթանելով նրան հետագայում է'լ ավելի եռանդուն ու պատասխանատվությամբ գործելու: Նա հույս հայտնեց, որ հետագայում եւս շատ արժանի արտիստներ կարժանանան նման կոչումների եւ իրենց ստեղծագործական գործունեությամբ կշարունակեն հայկական թատրոնի պատմությունը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play