ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԱՌԱՋԻՆ<br /> ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐԸ<br />


ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԱՌԱՋԻՆ
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐԸ

  • 09-06-2006 17:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Արցախյան պատերազմի տարիներին տեղի ունեցած պատմական իրադարձություններն են ներկայացված «Ճակատագիր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում, որի պրեմիերան կկայանա հունիսի 11-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում: Ինչպես հունիսի 9-ի ասուլիսում հայտնեց կինոնկարի գլխավոր դերակատար եւ սցենարի հեղինակ Գոռ Վարդանյանը, մինչ այդ իր մասնակցությամբ նկարահանված մյուս ֆիլմերից այս մեկն առանձնանում է իր թեմատիկայով եւ նպատակներով: Նա նշեց, որ սա Արցախյան ազատամարտի տարիների մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն է: Երեք տարի նախապատրաստական փուլ անցած կինոնկարի սյուժեն հիմնված է իրական պատմական փաստերի վրա: Ֆիլմի հերոսները նույնպես իրական կյանքում ունեն իրենց նախատիպերը: Գլխավոր հերոսը` Գոռը մարմնավորում է հայրենասեր մարտիկի եւ ազգի պաշտպանի կերպարը: Կրելով ծանր կորուստ` նա իր մեջ ուժ է գտնում դիմադրելու եւ պայքարելու թշնամու դեմ: Այն թշնամու, որի հետ նույն բանակի կազմում ինքը մարտնչել է Աֆղանստանում: Գլխավոր հերոսն ապրում է խորը հոգեբանական դրամա: Ֆիլմն ունի դաստիարակչական մեծ նշանակություն, հատկապես նոր սերնդի մեջ հայ մարտիկի եւ ազգային հերոսի կերպարի ձեւավորման գործում: «Հերոս չեն ծնվում, հերոս դառնում են ժամանակի եւ հանգամանքների թելադրանքով»,- համոզված է ֆիլմի էքսկլյուզիվ պրոդյուսեր Հայկ Բաքրջյանը: Ըստ նրա, երիտասարդները ֆիլմի միջոցով կծանոթանան հայ ազգի ոչ վաղ անցյալի պատմությանը, ազգային ինքնորոշման գաղափարի ծնունդին, ազգային բանակի կազմավորմանը եւ տարած հաղթանակներին: Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Արցախում եւ ԱՄՆ-ում, այն նկարահանված է հոլիվուդյան ֆիլմերի տարբերակով: Նախնական փուլում ֆիլմի աշխատակազմը խորհրդակցել եւ աշխատել է Ղարաբաղյան պատերազմի ականատես եւ մասնակից 200-ից ավելի քաղաքական գործիչների եւ զինվորականների, այդ թվում գեներալ Սաֆոնովի հետ: Ֆիլմը հունիսի 12-ից կցուցադրվի երեւանյան կինոթատրոններում, իսկ հունիսի 13-ին կկայանա կինոնկարի ղարաբաղյան պրեմիերան:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play