ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑԻՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ<br />


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑԻՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ

  • 26-05-2006 16:45:00   | Իտալիա  |  Սպորտ
ԹՈՒՐԻՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայում անցկացվեցին 5-րդ տուրի մրցախաղերը: Տղամարդկանց մրցումներում հանդիպեցին առաջատարները` Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները: Լարված մրցապայքարն ավարտվեց ոչ-ոքի` 2-2 հաշվով: Առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը պարտություն կրեց Վլադիմիր Կրամնիկից, 2-րդ եւ 3-րդ խաղատախտակների վրա ոչ-ոքի ավարտվեցին Վլադիմիր Հակոբյան-Պյոտր Սվիդլեր, Կարեն Ասրյան-Ալեքսանդր Գրիշչուկ պարտիաները, իսկ 4-րդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը հաղթեց Ալեքսանդր Մորոզեւիչին: 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հայաստանի եւ Ռուսաստանի շախմատիստները, որոնք 20 հնարավորից 15,5-ական միավոր են վաստակել: 3-րդ տեղում է Հոլանդիայի հավաքականը 15 միավորով: Հայաստանի կանանց հավաքականը 5-րդ տուրում 2,5-0,5 հաշվով պարտության մատնեց Հունաստանի շախմատիստուհիներին: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Էլինա Դանիելյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը հաղթեցին իրենց մրցակցուհիներին: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 15 հնարավորից վաստակել է 11 միավոր եւ բաժանում է 4-11-րդ տեղերը: Առջեւում են Ռուսաստանի (12,5 միավոր), Ուկրաինայի (12) եւ Հունգարիայի (11,5) շախմատիստուհիները: Մայիսի 26-ին օլիմպիադայի մասնակիցները հանգստանում են: Իսկ հաջորդ օրը կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի տղամարդիկ կմրցեն Ուզբեկստանի, իսկ կանայք` Ռումինիայի թիմերի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play